Չէի պատկերացնում, որ այստեղ կհայտնվեմ, այս պատերն իրենցը ասում են. կին դատապարտյալների առօրյան. տեսանյութ

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, առավել հայտնի՝ կանանց գաղութում, 29 կին դատապարտյալ և 45 կալանավորված կա։ Ազատությունից զրկվածները տարբեր տարիքի կանայք են՝ տարբեր արարքներ կատարած: Նրանք բոլորն էլ զղջում են այն ամեն համար, ինչ արել են ինչ-որ պահի:

«Հայկական ժամանակ»-ի նկարահանող խումբը այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, զրուցել դատապարտված կանանց հետ, ծանոթացել ՔԿՀ-ի պայմաններին:

«Կանանց կմաղթեմ, որ միշտ զգոն լինեն ու երբեք չսխալվեն, երբեք այս պատերի ներսում չհայտնվեն, որովհետև հայ կնոջը հարիր չէ այստեղ հայտնվելը»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է խարդախության համար 6 տարով դատապարտված կինը, որն արդեն երկու տարի պատիժը կրել է:

Մինչ այստեղ հայտնվելը վարսահարդար է եղել, սեփական աշխատանքն ունեցել ու առօրյան երեխաների հետ անցկացրել։ Կին դատապարտյալների մասին լսելիս սրտի մի անկյունում միշտ ցավ է զգացել՝ ընտանիքից հեռու, ազատությունից զրկված, սակայն երբեք չի մտածել, որ ճակատագիրն իրեն էլ է քրեակատարողական հիմնարկ տանելու:

Ընտանիքի մասին խոսելիս աչքերը փայլում են, սպասումն ու կարոտը՝ տանջում։

Բախտակից կանանց հետ զրույցի հիմնական թեմաները ընտանիքն ու ազատությունն են, համոզվել են՝ կյանքում ամենաթանկը դրանք են:

Կացարանում չորս կանանցով են, ընտանիքի նման, տարբեր հարցերի շուրջ միասին խորհրդակցում են, վիճում, մեկը մյուսին սփոփում, ուժ տալիս, հուսադրում, որ բոլորն էլ մի օր ազատության մեջ կլինեն։

8 տարի ազատազրկման դատապարտված Ռուզաննա Տուդոյանի առօրյան ևս սկսվում է և ավարտվում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Պաշտպանության նախարարությունում որպես բուժքույր աշխատած կնոջ կյանքը 2023 թվականին տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքով ամբողջությամբ փոխվել է:

Ռուզաննան ասում է՝ եթե կյանքը հնարավորություն տար ժամանակը պտտելու, վստահաբար նման արարք չէր կատարի, բայց հույսը չի կորցնում, որ մի օր ամեն ինչ ավարտվելու է։ Միակ բանը, որ չի կարողանում հաղթահարել, կարոտն է։

Շուրջ տասը տարի հիմնարկում գտնվող Կարինե Ղումաշյանն էլ, որին երկու տարի է մնացել՝ ազատության մեջ հայտնվելու համար, իր առօրյան փորձում է լցնել գույներով՝ պատրաստելով ձեռքի աշխատանքներ, որոնք կա՛մ նվիրում է, կա՛մ վաճառում:

Մասնագիտությամբ նա ռեժիսոր է, այս տարիների ընթացքում թղթին է հանձնել մտքերն ու իր կյանքի պատմությունը, թե ինչպես է եղել, որ հայտնվել է կանանց գաղութում:

Դատապարտված կինը ապրելու երկու մղիչ ուժ ունի՝ ընտանիքը և ազատությունը:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *