Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումը, անկասկած, լրջագույն մտահոգության առարկա է այդ երկրում պահվող մեր պատանդառված հայրենակիցների իրավունքների պաշտպանության, կյանքի ու առողջության համար: Իհարկե, այնպես չէ, որ Կարմիր խաչը դրա հուսալի պաշտպան էր, այդուհանդերձ մի օղակ էր, որը թույլ էր տալիս այդ հարցում ունենալ որոշակի «օդանցք»՝ դրա միջոցով լուծելով գոնե որոշակի հարցեր:
Կարմիր խաչի անզորությունը մեծ իմաստով դրսևորվեց դեռևս Լաչինի միջանցքի արգելափակման ժամանակ, երբ Ադրբեջանը պարզապես արգելեց նաև Կարմիր խաչի աշխատանքը, և դրա դեմ հնարավոր չեղավ կիրառել որևէ միջազգային իրավունք, անգամ մարդասիրական իրավունքը: Ադրբեջանում տեղի ունեցող պրոցեսներում մտահոգիչ է մեկ այլ, ավելի լայն հանգամանք: Բաքուն, կարծես թե, գնում է իր տարածքում միջազգային ինստիտուտների ներկայության, եթե ոչ բացառման, ապա առնվազն խիստ սահմանափակման և կրճատման ճանապարհով:
Փակվում են ոչ միայն Կարմիր խաչը, այլ նաև իրավապաշտպան, ոչ կառավարական միջազգային կազմակերպություններ, լրատվամիջոցներ: Սա իսկապես հարց է առաջացնում, թե ինչի՞ համար է փակվում Բաքուն: Այդ երկրի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը վերանայում է ՄԱԿ կառույցների հետ իր հարաբերությունները: Եթե Ադրբեջանն ընտրում է այսպես ասած փակվելու, մեկուսացվելու ճանապարհը, ապա դա արդյո՞ք կարող է պարունակել վտանգ, որ Բաքուն գնում է այսպես ասած միջազգային իրավունքի հանդեպ իր պատասխանատվության սահմանափակման, գիտակցված սահմանափակման ճանապարհով:
Բաքուն փորձում է լինել ինչ-որ տրենդի մեջ՝ աշխարհակարգային վերաձևումների և միջազգային կարգի փլուզումների, թե՞ կա մշակված որևէ գործողություն, որի շրջանակում էլ Ադրբեջանը կտրում է միջազգային տարբեր թելեր, հետևաբար նաև նվազեցնում պատասխանատվության շրջանակ: Իհարկե, միջազգային պատասխանատվություն ասվածը խոշոր հաշվով վաղուց է դարձել առավելապես ֆորմալություն, որը սկսել է կաշկանդել ավելի ու ավելի քիչ թվով միջազգային սուբյեկտների: Բայց, անգամ ֆորմալ գոյությունը ենթադրում է թեկուզ հարաբերական, բայց արգելակների գոյություն:
Երբ Ադրբեջանը հանում է այդ արգելակները, առաջին հարցերից մեկը բնականաբար առաջանում է այն ուղղության կապակցությամբ, դեպի ուր Ադրբեջանը «բացում» է իր արագությունները ռազմա-քաղաքական հավակնությունների իմաստով: Իսկ դա Հայաստանի ուղղությունն է, հետևաբար Ադրբեջանի միջազգային արգելակների կրճատումը, Ադրբեջանը միջազգային արգելակների թեկուզ ֆորմալ գործողության դաշտից սահմանազատումը բերում է այդ առնչությամբ ռիսկերի ու վտանգների: Սա, համենայն դեպս, Հայաստանի համար պետք է լինի մտորելու, և արգելակային «վակուումը» լրացնելուն ուղղված աշխատանքն ակտիվացնելու հարց:
Նյութի աղբուր