Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի հայրենակիցներ՝ Գյումրիում և մոլորակի վրա, որ մազ էիք որոնում մեր ծրագրերում ու թեկնածուների թերություններն էիք քրքրում, դաշինքի ապագա վարքն էիք կասկածի տակ առնում, լավ էիք անում անշուշտ:
Հիմա հուսամ ընտրվել են ձեզ թանկ ու հարազատ քաղաքական գործիչներ իրենց ծրագրերով, մանրամասները չպատմեմ, բերանացի գիտեք, թե ով ինչ է խոստացել անելու քաղաքում:
Արդեն կարող եք Եվրադաշինքի ծրագրերն ու թեկնածուներին մոռանալ, և հսկեք, օգնեք, քաջալերեք այն մարդկանց, ում ընտրել է քաղաքը: Մենք էլ ուշադիր կլինենք և՛ ընտրյալներին, և՛ ընտրողներին, որպեսզի արժանավորության դոկտրինը չխախտվի: Ընտրողները արժանի են ընտրյալներին այնպես, ինչպես ընտրյալները՝ ընտրողներին:
Էն խոսքն արժե կրկնել այստեղ. մարդիկ ընտրում են իրենց նմաններին (գաղափարներով, արժեհամակարգերով, խոսքով, գործով, տո բոյով ու հագի կոստով, նույնիսկ), կատարյալ նմանություն գտնելը զոռ է իհարկե, բայց դե ընդհանուր առմամբ չի կարող մի արժեքային համակարգի կրողն ընտրել տրամագծորեն հակառակ արժեքային համակարգը կրողներին:
Ես գիտեմ, որ գաղափարները, որ դրված էին մեր ծրագրում, մոտեցումներն ու լուծումները շատերի մոտ տպավորություն թողեցին, թե մենք այլմոլորակայիններ ենք, ու անհասկանալի է, թե ինչու ենք հայտնվել այստեղ:
Մտածել էինք առաջ տանել քաղաքը, որ մարդկանց կյանքն ավելի լավը դառնար, կարճ ասած: Այդպես եմ վարվել 2012-ին, 2016-ին եւ 2021-ին: ՈՒ այս պատմությունը ինձ չի խոցում, նորից մտածել է տալիս: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է հնար ունենալ լավ ապրելու եւ ընտրել վատ ապրելու ճանապարհը: Կարող է՞ ինչ-որ նզովք կա քաղաքի վրա: Եթե ես ճիշտ եմ, ուրեմն ուզում եմ, որ քաղաքն արժանի լինի իր ընտրությանը:
Նորից թող արժանի լինի:
Եվրադաշինքի պարտության և կրեմլահպատակների ու երկիրը հարստահարածների հաղթանակը դեռ երկար է քննարկվելու ու վերլուծվելու, բայց արդեն կարող եմ ասել, որ մեղավորը այն իշխանությունն է, որ թույլ տվեց սև կապիտալի և իր լրատվամիջոցների հաղթարշավը, արդարություն չսահմանեց երկրում, քաղաքական գնահատական չտվեց երկիրը թալանածներին ու ապօրինի գույք կուտակածներին, լյուստրացիա չիրականացրեց, չմաքրեց անցյալից մնացած կառավարման արատները, հանցագործ պաշտոնյաներին իրավապահ եւ այլ համակարգերից:
Հավանաբար մտածել էր, թե հերթական անգամ կկարողանա «ներկա-նախկին» թակարդով քվեներ ստանալ, ապտակ ստացավ, ու հիմա տառապում է, թե ինչու այդպես եղավ: Ուզում եմ խնդրել՝ չտառապել, կցավա կանցնի, իսկ հետո կարող է կռահեն, թե ինչ շանս ունեին երկիրը կարգի բերելու և ինչպես չարեցին»․
Աղբյուրը` Լևոն Բարսեղյան