Պուտինն ու Թրամփն ազդարարել են մեկնարկը. Հայաստանը պետք է պատրաստ լինի

Նախօրեին Վաշինգտոնն ու Մոսկվան հայտարարել են Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցի մասին, որը տևել է մոտ 1,5 ժամ: Հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվությունը սակավ է: Թրամփը հայտարարել է, որ պայմանավորվել են սերտ աշխատել ուկրաինական պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Ըստ նրա՝ Պուտինն օգտագործել է անգամ իր նախընտրական կարգախոսի ձևակերպումը՝ «ողջախոհություն»: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ընդգծել է կարգավորման գործընթացում հակամարտության պատճառներին անդրադարձի կարևորությունը: Թրամփն ավելի ուշ հայտնել է, որ ակնկալում է Պուտինի հետ հանդիպում Սաուդյան Արաբիայում:

Ժամկետներ չեն նշվում, սակայն ավելի վաղ դարձյալ եղել էր տեղեկություն, որ դիտարկվում է Էմիրություններում կամ Սաուդյան Արաբիայում հանդիպում անցկացնելու հնարավորություն: Փաստորեն այժմ այդ հնարավորությունը պաշտոնականացվում է Թրամփի մակարդակով: Հատկանշական է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում ձերբակալվածների փոխանակման ֆոնին: Այսինքն՝ մինչև հեռախոսազրույցը, հայտարարվեց, որ Վաշինգտոնն ու Մոսկվան փոխանակում են մեկական ազատազրկված:

Ընդ որում՝ հատկանշական է, որ այդ գործարքի համար Մոսկվա է ժամանել Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացը: Նաև շատ ուշագրավ է, որ թե՛ այդ, թե՛ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ֆոնին տեղի է ունեցել ՌԴ նախագահի առաջին հեռախոսազրույցը Սիրիայի նախագահ Ալ Շարաայի հետ: Սա ևս վկայում է, որ Թրամփ-Պուտին հաղորդակցության միակ թեման ուկրաինական հակամարտությունը չէ և նրանք քննարկել են հարցերի լայն շրջանակ:

Բնականաբար, այդտեղ առանցքային հետաքրքրություն է ներկայացնում այն, թե ինչ տեղ է ունեցել դրանում Կովկասը, կամ ինչ տեղ կարող էր ունենալ: Կովկասի առնչությամբ Թրամփի վարչակազմի մոտեցումները, կարծես թե, առայժմ անորոշության ներքո են: Վարչակազմը Կովկասի առնչությամբ դեռևս չի արել որևէ շոշափելի և էական հայտարարություն: Ինքնին դա թերևս հուշում է, որ ռեգիոնը Վաշինգտոնի մեծ ուշադրության ներքո չէ:

Դա նշանակո՞ւմ է, որ Կովկասի շուրջ կա ռուս-ամերիկյան որևէ պայմանավորվածություն կամ համաձայնություն: Թերևս ոչ: Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը բոլորովին պետք չէ ընկալել նրանց միջև լիակատար փոխհամաձայնության դրսևորում: Ավելին՝ թերևս դա բավականին բարդ գործընթացի մեկնարկ է, որտեղ յուրաքանչուրը փորձելու է ստանալ առավելագույնը: Կովկասն այդ իմաստով կշարունակի դիտարկվել ազդեցության և պայքարի գոտի՝ դրանից բխող մարտահրավերներով և ռիսկերով, որոնց Հայաստանը պետք է լինի պատրաստ: Առավել ևս, որ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև գործընթացը, բնականաբար, միարժեք չի ընկալվելու ուժային այլ կենտրոններում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *