Ովքե՞ր էին այս ամենի իրական կազմակերպիչները. ինչո՞ւ է լռում Մերձավանի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած իրավիճակին և մի քանի կետ առանձնացրել:

«Ինձ սկսեց հետաքրքրել Մերձավանի տհաճ կլոունադայի մի քանի փոքրիկ դետալ․

1) եթե Մերձավանի դպրոցում տեղի էր ունենալու բողոքի ակցիա և, ինչպես Tribune TV-ի լրագրողն է ուղիղ եթերի առաջին րոպեներին հաղորդում՝ ինքը «այդտեղ եկել է ահազանգով», այսինքն՝ դպրոցից ահազանգել են լրատվամիջոցին, ինչո՞ւ էր միայն տեղում Tribune TV-ն, ինչո՞ւ մյուս լրատվամիջոցներին չէր «ահազանգվել»․ ես, համենայն դեպս, բողոքի ակցիայի տեղում տեսել եմ միայն Tribune TV-ի խոսափողը։ (Tribune TV-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը լրացում է կատարել, որ տեղում եղել է նաև Factor TV-ն, ինչի չի վերացնում Tribune TV-ի լուսաբանման միակողմանիության ու թիրախավորվածության թեման ու «Ապրելու երկիր» կուսակցության հետ դրա առնչության բաց հարցը․․․)

2) նոր իմացա, որ Մերձավանը Փարաքար խոշորացված համայնքի բնակավայր է, և այդ համայնքից բնակիչ է նաև վերջերս համայնքի ղեկավար ընտրված «Ապրելու երկիր» կուսակցությունից Վալոդյա Գրիգորյանը․ Tribune TV-ն ի՞նչ կապ ունի «Ապրելու երկիր» կուսակցության հետ, ո՞վ է ֆինանսավորում այդ համացանցային ալիքը, որը ոչ միայն ակնհայտ հակաիշխանական է /իր իրավունքն է/, այլ անհերքելի համակրանք է ունեցել «Սրբազան շարժման», «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական գծի նկատմամբ /իր ընտրությունն է/։

Ու այստեղ բաց է մնում մերձավանցի համայնքապետի լռությունը իր համայնքում կատարված հակակրթական այլանդակության կապակցությամբ, մանավանդ, որ ենթադրում եմ՝ ընտրություններում նա այդ համայնքում մեծագույն ձայները ստացած կլինի /ինքս չեմ հետևել այդ ընտրություններին ու ձայների հաշվարկից տեղյակ չեմ․․/ Ի՞նչ կապ ունեն հակակրթական կլոունադայում ակտիվ դերակատարում ունեցած մանկավարժները և ծնողները «Ապրելու երկիր» կուսակցության հետ․․․

3) լրագրողի հարցերը մեղադրվող ուսուցչուհուն չափազանց քաղաքական էին, միակողմանի, մեղադրանք պարունակող ոչ թե մեղադրանքի մասին տեսակետ հայցող՝ «էդքան թուրքասեր եք, հա՞» /չի հարցնում՝ դուք դասարանում թուրքասիրության քարոզչություն արե՞լ եք, ձեզ դրանում են մեղադրում/, կամ հարցնում է՝ «դուք երեխաներին ասել եք թուրք․ դա վիրավորա՞նք է» /չի հարցնում՝ «ձեզ մեղադրում են, որ երեխաներին ասել եք թուրք, դա ճի՞շտ է»/, կամ՝ ձևակերպում է նման հարց․ «այսինքն, դուք գտնում եք, որ ժամանակակից եք․ դրա համա՞ր եք ծամոն ծամում» /կրկին՝ առանց հարցականի մեղադրանքի հաստատում, ապա նոր միայն հարց, ըստ որում՝ մինչ այդ՝ րոպեներ առաջ ուսուցչուհին նրան մանրամասն բացատրել է դա, որ ստիպված է ոչ միշտ, բայց կարճ ժամանակում ծամոն ծամել հիգիենայի նկատառումներով և բժշկի ցուցումով, բայց այդ պատասխանը չի բավարարում լրագրողին ու նա կրկին թեման վերաբացում է նշված հարցադրումով, թե իբր ժամանակակակից լինելու համար է ծամոն ծամում/ և այսպես շարունակ․․․

Չափազանց խոսուն էր նաև ուղիղ եթերի այն հատվածը, երբ տնօրենի սենյակում տնօրեն կոչվածն ու հարձակման թիրախ ուսուցչուհին զրուցում էին, իսկ դրսում սպասող լրագրողը իր մենախոսության մեջ ուսուցչուհուն պիտակում է «այս պատմության հերոս», այն դեպքում, երբ այդ տհաճ կլոունադայում առնվազն բոլորին կարելի էր «հերոս անվանել»․․․ այստեղ էլ կրկին՝ նրբորեն ակնարկվում է, որ ամբողջ պատմությունը ուսուցչուհու պատճառով է, ու հեռտորական հարց է կախում՝ «ի՞նչ է շահում աշակերտը այս ամենից», այսինքն՝ աշակերտները տուժում են ուսուցչուհու պատճառով։ Չեմ ցանկանում նույնքան մանրակրկիտ վերլուծել ոստիկանություն կանչելու ու ուսուցչուհուն բաժին տանելու դրվագի վերաբերյալ լրագրողի արտաբերած տեքստը․․․

4) պատմության ուսուցչին ներկայացվող մեղադրանքները նույնպես «ազգային մակարդակում» հայտնի նառատիվների դաշտում էին՝ ուսուցչուհին «թուրքասեր է» /բայց չգիտես թե ինչու մոռանալով նախկին մեղադրանքը մյուս մեղադրանքով էլ ասում էին՝ երեխաներին իբր վիրավորում է «թուրք» ասելով/», «ատում է, վատ է վերաբերում արցախցիներին», «նիկոլական ուսուցչուհի է»։

Չմոռանանք, որ առաջին իսկ պահից համացանցում արագ պատրաստվել ու տարածվեց «նիկոլական ուսուցչուհին աշակերտներին ասում է՝ սիրեք թուրքին» գլխագրերով կարճ տեսանյութ, որի վրա հեղինակ նշված էր տիկտոկյան @lratvakan.hartak օգտատերը։ Թե ով է նման գլխագրերով տեսանյութի պատրաստողը՝ հենց այդ հարթա՞կն, որտեղ չափազանց շատ են հակաիշխանական նյութերը, թե նա ուղղակի վերատարածել է, սա պարզել չհաջողվեց։ «Lratvakan.hartak»-ի քաղաքական գծի պարզումը նույնպես էական կլինի քաղաքական համատեքստը հասկանալու առումով։

Այդուհանդերձ, մի բան չափազանց ակնհայտ է՝ ծնողների, երեխաների, մանկավարժական կոլեկտիվի կողմից կազմակերպված բուլինգի մեղադրանքները չափազանց քաղաքական են ու սպասարկում են կոնկրետ քաղաքական գիծ․․․

Ում խաբեն կամ չխաբեն, իմ աչքից չի վրիպի, որ այս ամենում կար քաղաքական գիծ և պլանավորված է եղել օպերացիա՝ ուղիղ եթերի ռեժիմով «ուսուցչուհու զոհաբերություն կատարել»՝ նրա հետ միասին «հրապարակային անարգանքի սյունին գամելով նաև իշխանության քաղաքական ուղեգիծը», այն էլ բացարձակ հակառակ արդյունքը ստացվեց․ հասարակությունը անպատկերացնելի միասնական էր ուսուցչուհու հալածանքը, մատաղ սերնդի, ծնողների և առավել ևս մանկավարժական կոլեկտիվի վարքագիծը դատապարտելու, տնօրենի պաշտոնակատարի հրաժարականի հարցում․․․

Ովքե՞ր էին այս ամենի իրական կազմակերպիչները»,- գրել է Սաֆարյանը:

Նշենք՝ դասադուլ իրականացնողների պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից:

Աշակերտների փողոցային ժարգոնով հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում: Փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում նման խոսույթի համար և կոչ անում քայլեր ձեռնարկել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը պարզաբանել էր դպրոցում տեղի ունեցած միջադեպը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *