ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատապարտում է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպը, երբ պատմության ուսուցիչը թիրախավորվել էր աշակերտների, ծնողների ու մյուս գործընկեր որոշ ուսուցիչների կողմից։
Այս մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Ըստ նրա՝ նախարարությունը մարզպետարանի և այլ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ ուշադրության կենտրոնում է պահում այս դպրոցում տեղի ունեցածը․ «Դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է, ինչպես գիտեք ղեկավարն ազատվել է աշխատանքից։ Այլ միջոցներ ևս ձեռնարկվում են, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ցանկացած տիպի բռնությունն անթույլատրելի է, առավել ևս երբ դա արվում է ուսուցչի նկատմամբ։ Ծնողները, սովորողները պետք է հստակ գիտակցեն ուսուցչի դերն իրենց կյանքում։ Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել»։
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ուսուցչի վարքը ևս ուսումնասիրում են։ Նրա խոսքով՝ ամեն դեպքում տեսանյութերից պարզ է, որ նույնիսկ այն պարագայում, երբ շատերը հունից դուրս հանող մեկնաբանություններով դիմում էին ուսուցչին, միևնույնն է, վերջինս իրեն պահում էր բավական հավասարկշիռ․ «Անկախ նրանից, թե ուսուցիչն ինչպիսի վարք դրսևորած կլինի, նրա հետ խնդիրները պարզելու ձևաչափը դա չէ։ Կարող են լինել ուսուցիչներ, որոնք ծնողների, աշակերտների հետ իրենց պահել են էթիկապես ոչ այդքան ճիշտ, բայց որևէ մեկին չի թույլատրվում ուսուցչի հետ նման կերպ վարել։ Դրա համար կան համապատասխան օղակներ, պատասխանատուներ, կառույցներ»։
Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։
Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:
Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված ցանկանում են ազատվել իրենից:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը պարզաբանել է դպրոցում տեղի ունեցած միջադեպը։
Մարզպետի օգնականի խոսքով՝ ներկայացված մեղադրանքներին Ռոզա Դավթյանը որևէ հակափաստարկ բերել չի կարողանում, միայն ասում է, թե դասադուլավորները ստում են և զրպարտում իրեն։ Բայց փաստը մնում է փաստ, որ դասապրոցեսը խաթարված է:
Մանվել Մելիքյանը շեշտել է՝ Ռոզա Դավթյանը երեք նկատողություն է ստացել, սակայն երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ և աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել նույն հաստիքում․ «Տնօրինությունն իրավունք ունի դարձյալ նկատողությունը տալու, և եթե բանը նորից հասնի դրան և դա ճիշտ ընթացակարգով արվի, Դավթյանը կհեռացվի: Մեր նպատակը դասապրոցեսի բնականոն հունը ապահովելն է, և մենք չենք կարող աչք փակել խախտում արձանագրելու դեպքում»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշում է կայացվել դպրոցի տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։
Նյութի աղբյուր