Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա երեխայի անհետացման, նաև՝ որոնողական աշխատանքների հետ կապված:
«Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ: Ընտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- այս պահին Մարմարիկում փրկարարների աշխատանքին հետևող «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նարեկ Սարգսյանը:
Խոսնակն ընդգծեց՝ հանրության, հրապարակումների զսպվածությունը զերծ կպահի անհարկի խուճապից ու թույլ կտա, որ մարդիկ առավել սևեռվեն բուն խնդրի վրա՝ արդյունքի հասնելու նպատակով:
«Ոստիկաններն ու փրկարարներն առավոտից կրկին որոնողական աշխատանքներ են տանում գետի ամբողջ երկայնքով, նաև՝ ջրամբարի տարածքում, գյուղում և հարակից վարչական տարածքներում»,- եզրափակեց նա:
Մայիսի 4-ին ժամը 11:52-ին ՆԳ նախարարությունում ահազանգ էր ստացվել Մարմարիկում 2-ամյա երեխայի կորելու մասին: Նույն պահից մեկնարկել են որոնողական աշխատանքները, սակայն մինչ օրս որևէ արդյունք չի գրանցվել:
Ոստիկանության ծառայողներն ու փրկարարները ստուգել ու շարունակում են ստուգել առաջ քաշված բոլոր վարկածները:
Մայիսի 6-ին երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Նյութի աղբյուր