«Սա իրականում շատ հետաքրքիր փոփոխություն է, վերաբերում է այն մարդկանց, ովքեր զարտուղի ճանապարհներ են գտնում, որպեսզի խուսափեն ծառայությունից»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական այն փոփոխությանը, որով 18 տարին լրացած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ծառայել 6 ամիս կամ վճարել 20 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Նշենք, որ ներկայումս նման տարբերակից օգտվում են միայն 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք։
Ղևոնդյանը նշեց, որ շատերը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից՝ բանակում չծառայելու համար. «11 830 ՀՀ քաղաքացի 2018-2024 թվականների ընթացքում իր քաղաքացիությունը փոխել է, որպեսզի զինվորական ծառայություն չանցնի, այսինքն՝ մարդիկ այդ գումարները ծախսում են, որպեսզի դառնան ուրիշ երկրի քաղաքացի, միայն թե չծառայեն ՀՀ-ում: 11 830 զինվորը գոնե մինչև պատերազմյան ժամանակաշրջանը՝ Հայաստանի մեկ քառորդն էր, էլ չասած, թե քանիս-քանիսն են կարողանում բժշկական փաստաթղթեր ունենալով, սպորտային հավաքականների անդամ լինելով՝ ազատվել բանակից:
Առաջարկվում է մի տարբերակ, որի դեպքում մարդիկ այլևս չեն փորձի զարտուղի ճանապարհներ գտնել, այլ այն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն այդ գումարները ծախսելու՝ այն կուղղեն բյուջե: Այն մարդիկ, ովքեր 15-20 միլիոն դրամ վճարելու են, այսպես թե այնպես՝ անկախ այս օրենքից, գտնելու են այդ գումարով իրենց որդուն բանակից ազատելու հնարավորությունը: Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է ձևավորել այնպիսի հասարակություն, որ բանակում ծառայելը լինի պատիվ, ոչ թե մարդիկ դրանից խուսափելու հնարավորություններ փնտրեն»:
Թե ինչպես կվերաբերվի հասարակությունն այս նախագծին՝ քաղաքագետը նշեց. «Ակնհայտ է, որ արմատական ընդդիմությունն ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, ամենավատ խոսքերով է բնութագրելու նախագիծը, և բացարձակապես կարևոր չէ, թե այնտեղ ինչ է գրված, նրանց առիթ է պետք, որպեսզի հարձակումներ գործեն իշխանությունների վարած քաղաքականության վրա: Եթե իշխանությունները կարողանան ճիշտ ներկայացնել՝ ինչ գործընթաց են իրականացնում, ինչի համար է դա, ապա հասարակությունը սրերով չի ընդունի և ըմբռնումով կմոտենա խնդրին: Նշեմ, որ այստեղ մեկ դրական բան էլ կա, որ այն մարդիկ, ովքեր այդ գումարը ծախսելու են, այնուամենայնիվ, նրանց որդիներն օրինակ՝ մեկ ամիս ծառայելու են և զինվորական գործին ծանոթ են լինելու, այսինքն՝ եթե հետագայում լինի պատերազմական իրավիճակ, այդ մարդիկ ենթակա կլինեն զորակոչման, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ազատվել են օրինակ՝ ինչ-որ հիվանդության պատճառով»:
Նյութի աղբյուր