«Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի մասին: Արարատ Միրզոյանը պայմանագրի ստորագրո՞ւմ է «ավետում»:
Ուրիշ ի՞նչ լավ նորություն կարող է լինել այդ առնչությամբ: Եթե խոսքը ստորագրման մասին է, ապա դա նշանակում է, որ կա՛մ Ադրբեջանն է հրաժարվելու իր նախապայմաններից, կա՛մ Հայաստանն է որևէ կերպ բավարարելու դրանք: Համենայն դեպս, բարդ է պատկերացնել «խոսակցության» որևէ այլ տրամաբանություն: Եթե «խոսակցությունը» դրա մասին չէ, ապա՝ ինչի՞ մասին է:
Իսկ եթե խոսակցությունն այդ մասին է, ապա հարց է առաջանում, թե կողմերի հայտարարված դիրքերից դեպի ո՞ր կողմ է լինելու շարժը՝ Հայաստա՞նն է իր դիրքից գալու դեպի «կենտրոն», թե՞ Ադրբեջանը: Բոլոր դեպքերում, եթե դատենք հայտարարված պատկերից ելնելով, որևէ անգամ հավասարաչափ շարժ, ըստ էության, պարունակելու է անհավասարություն, եթե համեմատենք Ադրբեջանի նախապայմանների բնույթն ու դրանց Երևանի հրապարակային արձագանքը:
Այդ պայմաններում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն, թողնում են Ադրբեջանի հետ որևէ համաձայնության հանրային «մատուցման» հող նախապատրաստելու տպավորություն:
Նյութի աղբուր