Փաշինյանը պատրաստվում է խոշոր զոհաբերությա՞ն

«Ակտիվ նախաքննության փուլում ենք գտնվում և առաջիկայում նաև քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում շատ կարճ ժամանակահատված հետո»,-խորհրդարանում այսօր հայտարարել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով ԱՆԻՖ-ի գործի մասին: Ուշագրավ է ոչ միայն ինքնին հայտարարությունը, այլ նաև այն, որ ԱՆԻՖ-ի վերաբերյալ հարցը տվողը եղել է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինտրիգն այստեղ, իհարկե, այն է, որ ԱՆԻՖ հիմնադրամը ղեկավարել է ներկայումս քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը այն ժամանակ փոխվարչապետ էր: Հիմնադրամը, որն ամբողջական անվանումով կոչվում է Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ, ստեղծվեց 2018 թվականի իշխանության փոփոխությունից հետո խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, ներդրումներ ներգրավելու համար: Սակայն հիմնադրամի գործունեությունն ավելի շատ հայտնի դարձավ ֆինանսական-ներդրումային սկանդալներով, քան հաջողություններով:

Ավելին՝ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ հիմնադրամի գործունեությունը ունեցել է մեղմ ասած կոռուպցիոն բավականին շատ ռիսկեր: Այդ հրապարակումներում հաճախ է շոշափվում քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունը, որը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց առաջ թողեց ԱՆԻՖ-ի ղեկավարի կարգավիճակը: Եվ ահա, ԱԺ նախագահը հարց է տալիս դատախազին, որն էլ արձագանքում է, որ մոտ ժամանակահատվածում կարող են լինել քրեական գործեր:

Դրանք կառնչվե՞ն Տիգրան Ավինյանին, թե՞ հակառակը՝ կլինեն նրան այսպես ասած մաքրող գործեր: Ցույց կտա, իհարկե, ժամանակը, բայց, ավելի հավանական է այն, որ ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կարող է դառնալ նախընտրական քարոզչական բաղադրիչ, որպես կոռուպցիայի դեմ պայքարի իշխանության հաստատակամության վկայություն: Նախօրեին խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ ոչ ոք Հայաստանում ավելի շահագրգռված չէ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, քան ինքը:

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ միայն նախկինների կոռուպցիան այլևս չի կարող լինել նախընտրական բավարար քարոզչական ռեսուրս, առավել ևս, որ մեդիայում հայտնվել են ներկայիս իշխանության հետ կապված բազմաթիվ կոռուպցիոն սկանդալային հանգամանքներ պարունակող հրապարակումներ: Ըստ այդմ, Փաշինյանը անհրաժեշտություն է տեսնում արձագանքել այդ հանգամանքին: Իսկ դա նշանակում է, որ պետք է լինեն «զոհաբերություններ»: Ընդ որում, որքան ներկայումս ցածր է իշխանության վարկանիշը, այնքան բարձր պետք է լինի «զոհաբերությունների» մակարդակը: Ակնառու է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այդ առումով գտնվում է թիրախում: Հնարավոր է՝ հենց նա է եղել ներիշխանական այն «թույլ օղակը», որը պետք է «վճարի» իշխանության ցածր վարկանիշի համար: Իհարկե, բոլորովին բացառված չէ, որ ընտրությանը ցանկալի արդյունք ապահովելուց հետո գործն այլևս «դուրս գա ասպարեզից»:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *