Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Անկախ այն բանից, որ Կրեմլում նույնիսկ պարեկա-պահակային գնդի ժամապահը քաղաքական այդ «կողկողանքին» ուշադրություն չի դարձնելու, գեներալ Բալասանյանի «չելոբիտիեն» պետք է «ըստ արժանվույն գնահատավի»:
Ի՞նչ է ասում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Նա իրավիճակը գնահատում է այսպես. «Այսօր Ղարաբաղի (սա բացառապես ռուս-ադրբեջանական տերմին է, ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղ վարչա-տարածքային սուբյեկտը, ինչի վկայություն են ԵԽԽՎ և ԵՎրախորհրդարանի բանաձևերում և արևմտյան դիվանագետների խոսույթում առկա ձևակերպումները) հայությունը, մի շարք հանգամանքներ բերումով, զրկված է իր պատմական հայրենիքից և կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը»:
Լեռնային Ղարաբաղի պետականության և նրա հայ բնակչության դեմ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ռազմական պաշարման ռեժիմի հաստատումը, իննամսյա սովամահության քաղաքականությունը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած ահաբեկչական պատերազմը և հարյուր հինգ հազար մարդու բռնատեղահանությունն անվանել «մի շարք հանգամանքներ»՝ նշանակում է ոչ միայն ուրանալ իրականությունը, այլև հինգ հարյուր զոհերի հիշատակը, Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության պատանդառությունը, նրանց բանտային տառապանքները, զոհվածների և գերվածների հարազատների արցունքները, հարյուր հիսուն հազար բռնատեղահանվածների ծանրագույն ապրումներ:
Իսկ հավատալ, որ ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը կարող են կանխել «անարդար գործընթացը»՝ նշանակում է սին հույսեր ներշնչել Արցախից բռնատեղահանված բոլոր մարդկանց, նրանք հիշողությունից մաքրել ռուսական զորախմբի հրամանատարության տմարդի վերաբերմունքի նստվածքը, Ռուսաստանի և նրա պետության հանդեպ վերստին սնուցել մեծարման և հաճկատար ենթակայության պատրաստակամության նվաստացուցիչ ինքնախաբեություն:
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այնուհետև ձևակերպել է իր բուն ասելիքը. «Դարերի ընթացքում Ռուսական կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագիր)»: Սա արդեն ոչ միայն վիրավորական, այլև չափազանց վտանգավոր է, որովհետև այդ նարատիվը մշակված է Մոսկվայում և ընդօրինակված Ադրբեջանի սահմանադրության պրեամբուլայում, որի իմաստով առ 1828 թվականը Կովկասում հայ ժողովուրդ, հայկական քաղաքակրթություն և ինքնություն գոյություն չի ունեցել:
Ադրբեջանի պետական դոկտրինը, որ, ինչպես ասվեց, մոսկովյան մշակում է անցել, այն է, որ «ներկայիս Հայաստանի տարածքում Ռուսական կայսրությունն իրականացրել է ադրբեջանցիների էթնիկ զտում, ազատված բնակավայրերում վերաբնակեցրել Պարսկաստանից և Թուրքիայից տեղափոխված հայերի»: Գեներալ Բալասանյանը փաստացի ընդունում է, որ Ռուսաստանն է «հայերին հայրենիք և ազգային ինքնություն շնորհել»:
Վիտալի Բալասանյանի «բաց նամակը», ինչպես ասվեց, Կրեմլում որևէ վերաբերմունքի չի արժանանալու, ինչպես ոչ մի նշանակություն չունեցավ Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի առթիվ նույն Պուտինին հղած՝ Զորի Բալայանի «չելոբիտիեն»: Բայց Բալասանյանի տեքստի «խառը» նստվածքը մնալու է և հարկ եղած դեպքում օգտագործվելու է թե Հայաստանի ներքաղաքական կյանքում, թե նրա շուրջ աշխարհաքաղաքական ծրագրավորումներում:
Ոչ ոք, իհարկե, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին չի կարող զրկել պատմա-քաղաքական որոշ «գիտելիքների տիրապետելու» և դրանց հիման վրա տեսակետ ձեւավորելու, հնչեցնելու իրավունքից: Բայց տվյալ դեպքում այդ «գիտելիքները» և համոզմունքները քաղաքական բովանդակություն ունեն, վերագրվում են հարյուր հիսուն հազար մարդու, ուստի և չեն կարող դիտվել որպես «ազատ խոսք»:
Այդպես չի կարելի, պարո՛ն գեներալ, որովհետև Դուք «չելոբիտիե» հեղինակելու և հրապարակելու համար Արցախից բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդուց նման լիազորությամբ օժտված չեք:
Նյութի աղբուր