Հայտնի է, որ Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը տեղի է ունենալու մայիսի 2-ին։ Նիստի օրակարգում, որը հրապարակվել է համայնքաեպատարանի կայքում, ներառված է 12 հարց, որոնք վերաբերում են համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների թեկնածությունները հաստատելուն, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունները հաստատելուն։ Հատկանշական է, որ հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները նշված չեն ավագանու նիստի օրակարգի հարցերի հրապարակված տեքստերում։
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածուն Ավետիս Առաքելյանն է, որը, նկատենք, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ 40-ամյա Առաքելյանը «Կոմունիստական կուսակցության» ավագանու ցուցակի երկրորդ համարն է, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի օրոք եղել է Գյումրի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ։ Քաղաքապետի տեղակալի պաշտոնում էլ, նկատենք, առաջադրվել է «ի ծնե» կոմունիստ, 1996-1999թթ.՝ Գյումրիի համայնքի ավագանու անդամ, 1995թ.՝ ՀԿԿ Գյումրիի քաղկոմի քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մանուկյանի թեկնածությունը, որը Վարդան Ղուկասյանի՝ նախկինում քաղաքապետ եղած ժամանակ եղել է վերջինիս տեղակալը։
Նշենք, որ 2007 թվականին Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի ժամանակ Գ․Մանուկյանը նույնպես քաղաքապետին ուղեկցող մեքենայում էր, ստացել էր հրազենային վնասվածքներ։ 2012-ին երբ Ղուկասյանը «սրոկը» լրանալուց շուտ հրաժարական տվեց, նրան հետևեց, հրաժարականի դիմում ներկայացրեց նաև Վարդանիկի հավատարիմ գործընկերը՝ Մանուկյանը։ Ի դեպ, երբ Ղուկասյանին 2012-ին քաղաքապետի պաշտոնում փոխարինեց նախկին ՕԵԿ-ական, ապա՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, Գյումրիում լուրեր շրջանառվեցին, թե Գ․Մանուկյանը պատրաստվում է միանալ վերջինիս թիմին։ Ղուկասյանի տեղակալը, սակայն, իրեն ճամբարափոխության մեջ մեղադրողներին ի պատասխան հանդես եկավ հայտարարությամբ և ուխտեց համավարիմ մնալ իր «կուռքին»․ «13 տարի աշխատել եմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, նույն թիմում: Ես եղել եմ, կամ ու կմնամ նրա համակիրն ու թիմակիցը, համախոհն ու ընկերը»:
Գագիկ Մանուկյանը, նկատենք, 2025 թ․ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ պարտադիր ուղեկցում էր իր նախկին և ապագա շեֆին, կարծես թիկնապահը լիներ։ Ասում են՝ հենց նա էլ առաջարկել է նախկին ՀՀԿ-ական Ղուկասյանին որպես քաղաքական տրամպլին օգտագործել Կոմկուսն ու առաջադրվել ընտրություններում։ Հարկ է նկատել, որ իր փեսային քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու, այն է՝ այս «պոստը» հավատարիմ մարդու վստահելու մասին (եթե հանկարծ ստացվի այնպես, որ իշխանությունները կալանավորեն Ղուկասյանին) Գյումրին 5-րդ ժամկետ կառավարելու եկած քաղաքապետը հայտարարել էր ապրիլի 4-ին, երբ հայտնի դարձավ, որ «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք», «Մայր Հայաստան» խմբակցությունները քվեարկելու են վերջինիս քաղաապետ դառնալու օգտին։ Երկրորդ փոխքաղաքապետի պաշտոնի մասով էլ Ղուկասյանը նշել էր՝ պատրաստակամ է այն զիջելու․ ըստ նրա, որ քաղաքական ուժը կցանկանա, կարող է թեկնածու առաջարկել։ Թեկնածուի ընտրությունը, փաստորեն, կանգ է առել Ղուկասյանին հավատարմության ուխտ տված մեկ այլ թեկնածուի՝ Մանուկյանի վրա։ «Եթե առաջին փոխքաղաքապետի պաշտոնը տալիս ես, դա ոնց որ քաղաքապետը տաս իրենց, էլի եմ ասում՝ մնացած փոխքաղաքապետերը տալիս ենք, բաժինները` որն ուզեն, տալիս ենք»,-իր հարցազրույցներից մեկում նշել էր Ղուկասյանը։
Նշենք, որ ավագանու նիստերին քվորում ապահովելու հարցում Ղուկասյանն այսուհետ կախված է լինելու Կոմկուսի հետ այդպես էլ կոալիցիա չկազմած ուժերի և մասնավորապես «Մեր քաղաքը» խմբակցության բարեհաճությունից։ Խմբակցությունն ունի 6 անդամ, որոնցից, նկատենք, չորսն են քվորում ապահովել Վ․Ղուկասյանի երդմնակալության արարողության նիստին՝ այդ թվում Մարտուն Գրիգորյանի օգնական Լիզա Գասպարյանը։ «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցություններն էլ ունեն համապատասխանաբար 3 և 2 ավագանու անդամներ։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ինչպես հայտնի է, մեծությամբ առաջին խմբակցությունն է, ունի 14 մանդատ։ Խմբակցությունը ղեկավարում է համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
Նյութի աղբուր