Թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, ու թվում էր, թե ևս մեկ քայլ է հայ-ադրբեջանական հարաբերություններում, սակայն սա ոչ միայն Ադրբեջանին կառուցողական դաշտ չբերեց, այլ հակառակը՝ ավելի ապակառուցողական ու ագրեսիվ դարձրեց, գոնե՝ հայտարարությունների մակարդակում:
Դրա մասին են վկայում Ադրբեջանի կողմից վերջին օրերին տարածվող կեղծ հայտարարություններն առ այն, թե իբրև հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացում ադրբեջանական սահմանի ուղղությամբ:
Թեև հայկական կողմի հերքումներին, Ադրբեջանը համառորեն շարունակում է ապատեղեկատվություն տարածել, տողատակում էլ հասկացնել, որ խաղաղության ստորագրմանն այս փուլում պատրաստ չէ:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ Ադրբեջանն իր բոլոր պահանջներով, որոնք երբեմն անցնում էին բանականությունը, փորձ էր անում չեղարկել շրջանառվող խաղաղության փաստաթուղթը և այժմ անակնկալի է եկել:
Նա նկատում է՝ որքան էլ որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, իրականում այն հակոտնյա է Ադրբեջանի շահերին, քանի որ վերջինս ավելին էր ուզում: Այս դեպքում այդ ավելին, ըստ փորձագետի, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք»-ն է:
about:blank
Հարցին, թե էլ ի՞նչ կարող է անել հայկական կողմը՝ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար, Հովհաննիսյանն արձագանքում է՝ այս փուլում պետք է շատ ակտիվ աշխատել միջազգային գործընկերների հետ:
Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ այս փուլում որքան կարևոր է խաղաղության պայմանագրի կնքումը, այնքան էլ միջազգային հանրության աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանին աշխարհը պետք է հիշեցնի, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իրենց համար, և սա կլինի բավարար, որ Ադրբեջանի բոլոր հույսերը՝ կապված հնարավոր «Զանգեզուրի միջանցք»-ի հետ, ի չիք դառնան, և, ի վերջո, նա նստի բանակցային սեղանի շուրջ:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում
Նյութի աղբուր