Որևէ կերպ զարմանալի չէ, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի բովանդակությունը համաձայնեցնելու մասին հայտարարությունից հետո Ադրբեջանը հայտարարում է նաև, որ չի պատրաստվում ստորագրել այդ պայմանագիրն ու բարձրաձայնում է պայմաններ: Առավել ևս, որ Բաքուն նոր չէ, որ բարձրաձայնում է դրանք՝ որպես խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախադրյալ կամ նախապայման:
Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Մինսկի խմբի լուծարման մասին է: Ադրբեջանը չունի խաղաղության հաստատման որևէ իրական մտադրություն: Խաղաղության պայմանագրի համաձայնեցումն Ադրբեջանի խաղաղության պատրաստակամության վկայություն չէ: Ադրբեջանը շարունակելու է ապավինել ուժի գործոնին այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործոնի վրա է կառուցվում միջազգային հարաբերությունների ներկայիս անցումային շրջանն ընդհանրապես: Այստեղ պետք չէ ունենալ պատրանքներ:
Ընդ որում՝ հարկ է նկատել, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը կարողացավ նաև «մասնատել» գործընթացը: Հայաստանի հետ խաղաղության գործընթացը բաժանված է մի քանի մասերի, և այդ իմաստով խաղաղության պայմանագիրն այդ գործընթացի բոլորովին ամբողջական արտացոլումը չէ, հետևաբար, խաղաղության միջոցը կամ փաստաթուղթը չէ, նույնիսկ հենց թղթային իմաստով:
Դրանից տարանջատված է աշխարհաքաղաքական նշանակության կարեւորագույն հարցերից մեկը, որ պայմանավորել ու պայմանավորում է Կովկասում խաղաղության ու պատերազմի դիլեման՝ ճանապարհների, հաղորդակցության ուղիների հարցը: Առանձին «գիծ» է սահմանազատման և սահմանագծման գործընթացը: Քանի դեռ միջազգային միջավայրը թույլ է տալիս, Ադրբեջանը չի հրաժարվելու առավելապաշտությունից, որը կառուցելու է ուժի գործոնի կամ դրա կիրառման սպառնալիքի հիման վրա:
Դա բոլորովին չի նշանակում, որ Ադրբեջանն աներկբա դիմելու է որևէ ագրեսիվ գործողության: Բաքվի համար ռիսկերը այդ առումով քիչ չեն: Բայց նա մշտապես փորձելու է լինել «ստարտային» վիճակում, ինչը ենթադրում է «չկաշկանդվել» ստորագրություններով:
Նյութի աղբուր