Ռուբեն Վարդանյանի ուղերձը քաղաքական տեքստ է և պետք է դիտարկվի, գնահատվի զգացմունքներից դուրս պրագմատիկ հարթությունում: «Դատում են ոչ թե ինձ և մյուս տասնհինգ հոգուն, այլ բոլոր հայերին»,- ասում է նա և միանգամայն ստույգ է բնութագրում Ալիևի կազմակերպած «դատավարության» պատմա-քաղաքական իմաստը:
Ի՞նչ է ակնարկում Ռուբեն Վարդանյանը:
Նա, ըստ էության, առաջադրում է ալիևյան «դատավարությունը» միջազգայնորեն ապալեգիտիմացնելու խնդիր:
Ինչպե՞ս:
Գետնի վրա իրավիճակում Հայաստանը նման ռեսուրսներ չունի կամ եղածն անբավարար է: Խնդրի հրապարակայնացման պատասխանատվությունը, որքան էլ արտառոց չհնչի, կարող է ստանձնել Ստեփանակերտի ռազմա-քաղաքական վերնախավը:
ՄԱԿ-ի ներկայացուցչության կամ որևէ երկրի դեսպանատան մոտ բողոքի սակավամարդ ակցիաները ոչ միայն չեն օգնի, այլև վնասում են, որովհետև երևակում են պատանդների նկատմամբ ոչ միասնական վերաբերմունք, իսկ սոցցանցային գրառումների մեծ մասը պարզապես նրանց դեմ է աշխատում:
Մեկ-երկու անգամ ֆեյսբուքյան գրառմամբ ասել եմ, կրկնում եմ, ալիևյան «դատավարությունը» միջազգայնորեն ապալեգիտիմացնելու միակ հնարավորությունն այն է, որ ԼՂՀ-ում երբևէ պետական, քաղաքական և ռազմական պաշտոն զբաղեցրած բոլոր անձինք դիմեն Ադրբեջանի նախագահին և հայտարարեն, որ կիսում են ԼՂՀ նախկին նախագահներին, մյուս պաշտոնյաներին, բարձրաստիճան երկու զինվորականների պատասխանատվությունը, պատրաստ են ներկայանալ և հանձնվել Ադրբեջանի «արդարադատությանը»:
Ի՞նչ որոշում կընդունի Իլհամ Ալիևը, դժվար է կանխատեսել:
Ակնհայտ է, որ ղարաբաղյան Շարժման ակտիվ մասնակիցների, Արցախից Հայաստանի ԳԽ պատգամավոր ընտրվածների, ԼՂՀ բոլոր գումարումների պատգամավորների, բոլոր նախկին պետական պաշտոնյաների, զինվորականների, ուժային կառույցների ղեկավարների ստորագրությամբ նման դիմումը նրան ոչ միայն միջազգային, այլև ներքին արձագանքներին դիմագրավելու դժվարության առջև կկանգնեցնի:
Ինչո՞ւ ենք Ալիևին զրկում այդ «թանկ հաճույքից»:
«Պատերի տակ արցունքներ թափելու» փոխարեն եկեք արժանապատվություն ցուցաբերենք և հրապարակային հայտարարենք: «Մենք բոլորս Արկադի Ղուկասյան ենք, Բակո Սահակյան ենք, Արայիկ Հարությունյան ենք, Դավիթ Իշխանյան ենք, Ռուբեն Վարդանյան ենք, Լևոն Մնացականյան ենք, Դավիթ Մանուկյան ենք, Դավիթ Բաբայան ենք, դատե՛ք նաև մեզ»:
Նյութի աղբուր