Ռոբերտ Քոչարյանի բառուբանին, վայելչախոսությանն ու բարեկրթության աստիճանին հայ ժողովուրդը հասցրել է լիուլի հաղորդակցվել այն օրից, երբ նա եկավ, ավելի ճիշտ՝ բերվեց Հայաստան ու կարգվեց ՀՀ վարչապետ, այնուհետեւ ինքզինքը կարգվեց ՀՀ նախագահ։
ՀՀ երբեմնի թիվ մեկ պաշտոնյան եւ «միակ տղամարդը» ցնցել է հայ ժողովրդին ոչ միայն հայերենի իմացության ցածր մակարդակով ու ղարաբաղյան շեշտադրությամբ ու բարբառով արտաբերած մտավարժանքներով, այլեւ ընդդիմադիրներին ուղղված գռեհիկ պիտակումներով ու է՛լ ավելի գռեհիկ անեկդոտներով։
Եթե նրա նախագահության շրջանում ինքնաարտահայտման այդ կերպն ու մակարդակը թեթեւակի ժպիտ էր առաջացնում, ապա դրան այժմ՝ տարիներ անց, հաղորդակցվելն ուղղակի նողկալի է։ Երկրորդ «նախագԱ»-ը, փաստորեն, ո՛չ այն ժամանակ, երբ «ձիու վրա» էր, ո՛չ էլ հետո ու հատկապես այսօր, երբ «փալանը փորի տակ ընկած ձիու» կարգավիճակում է, այդպես էլ իր մեջ ուժ չգտավ բարեկրթվելու համար։
ՌԴ-ի փառաբանմամբ զբաղվող ու ՌԴ-ի աշխարհաքաղաքական ախոյանի լեզվով բառերի գործածումը, ինչպես, օրինակ, “ok”, “playlist”, «ընդդիմադիր Գիքորին» չեն դարձնում «(աշխարհա)քաղաքական Ռեմբո»։ Ինչեւէ։
Տարիներ առաջ «կլիզմայի» մասին պատմած «շեդեւրալ» անեկդոտը, որը դարձել էր Քոչարյան անձին բնութագրող «ատրիբուտներից» մեկը, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա պատմեց նույն ցինիզմով ու նատուրալիստական, եթե կուզեք՝ ինտիմ մանրամասներով, ինչպես տարիներ առաջ։
Քոչարյանի հանրային խոսքը հոգեվերլուծության ենթարկածները, վստահ, նկատած կլինեն վառ արտահայտված սեռական անառողջ կրքեր, որոնք ծավալվում են գոտկատեղից ներքեւ գտնվող օրգանի շուրջ։
«Քամակ», «տռյուսիկ», «կլիզմա»․․․ եթե ընթերցողին հարցնենք, թե ինչն է մտապահել տեղի ունեցած ասուլիսից, մեծ հավանականությամբ հենց այս երեք «բանալի» բառերը կնշի, որոնք լավագույնս են բնորոշում դրանք գործածած քաղաքական դեմքի մտահորիզոնը, վեր(լուծ)ական ունակությունների դիապազոնն ու այն «կատակլիզային» հոգեվիճակը, որում նա եւ նրա ռուսաստանյան հովանավորյալները հայտնվել են ՀՀ-ում եւ ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների բերումով՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունից մինչեւ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագիծը․․․
Ի դեպ, «կլիզմայի» մասին անեկդոտը, այսպես ասած, հանրահայտ, եթե կուզեք՝ հանրահռչակված անեկդոտներից է, սակայն Քոչարյանը «գոտկատեղից ներքեւ» գտնվող օրգան-համակարգերին վերաբերող եւս մեկ անեկդոտ ունի, որի մասին տեղեկացանք միայն վերջերս «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադեւոսյանի շնորհիվ։
Վերջինս կիսվել էր Քոչարյանի օրոք տեղի ունեցած մի դիպվածով ու վերաշարադրել Հոյդար Ալիեւի հետ տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո պատմված շոկահարույց անեկդոտով։
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի մի քանի հանդիպում եմ լուսաբանել, որոնցից յուրաքանչյուրի հետ կապված ինչ-որ հիշողություններ կան: Բայց մի դրվագ առանձնանում է»,- գրում է Թադեւոսյանն ու մանրամասնում․ «Մինսկում կայացած ԱՊՀ հերթական գագաթնաժողովներից մեկի կուլիսներում ավարտվել էր Քոչարյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումներից մեկը: Քոչարյանը սովորաբար հարգալից էր խոսում Ալիեւի մասին, ուստի այն, ինչ տեղի ունեցավ նրանց հրաժեշտից հետո, ինձ համար շատ զարմանալի էր: Ճանապարհելով Ալիեւին՝ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ մեզ՝ մի քանի լրագրողներիս, եւ ասաց.
— Շատ է մեծացել, չէ՞:
Հաստատեցինք, որ՝ այո, իսկապես այդպես է:
Թվում էր, որ պատրաստվում է ափսոսանքի խոսքեր ասել:
Մեկ էլ.
— Մի անեկդոտ կա էդ թեմայով, պատմե՞մ:
Եվ պատմեց:
— Մի տարեց մարդ գալիս է բժշկի մոտ, ասում է, որ միզելու հետ խնդիրներ ունի: Բժիշկը հարցնում է՝ քանի տարեկա՞ն եք: Ասում է՝ 85: Բժիշկն էլ պատասխանում է.
«Ну а что Вы хотите, голубчик, моча кончилась».
Պատմեց ու գնաց, մենք էլ մնացինք շվարած»։
Քանի որ այս անեկդոտի մասին, փաստորեն, քչերը գիտեն՝ մի քանի լրագրող, ապա կոնստրուկտիվ առաջարկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ «շեֆին» հուշել, որ հաջորդ ասուլիսի ժամանակ էլ սույն անեկդոտը պատմի՝ «վերջացած մեզով» բիձուկի մասին, ու պարզաբանի, թե ինչպե՞ս ստացվեց, որ այդ բիձուկը հրաժարվեց, իր խոսքով՝ «քցեց» իրեն Քի Ուեսթի բանակցություններում՝ ցույց տալով Ռոբերտ Սեդրակիչին մարմնի մեկ այլ մաս՝ ծոծրակը։ Թե՝ «ծոծրակդ կտեսնես, Հայաստանին միացված Ղարաբաղ չես տեսնի»։
Հայտնի խոսք կա՝ «մի ծիծաղիր, վերջում գլխիդ կգա»։
Տարիներ առաջ՝ հեղափոխությունից հետո, երբ Քոչարյանը քրեական հետապնդման էր ենթարկվում «Մարտի 1»-ի գործով, հայտնի դարձավ, որ ինքն էլ, ըստ շրջանառվող լուրերի, արտազատական համակարգի հետ կապված խնդիրներ ունի, որը, հուրախություն նրա առողջությամբ մտահոգների, հետագայում հաղթահարվեց։
Մնում է միայն մաղթել՝ առողջություն ամենեցուն։
Նյութի աղբյուր