«Կարելի էր որպես գործընկեր ճիշտ քաղաքականություն վարել ՌԴ-ի հետ և չթշնամանալ Արևմուտքի հետ: Այդ պատուհանը բացվում էր, բայց ՀՀ-ն արդեն ինչ-որ տեղ թշնամացրել էր ինքն իրեն ՌԴ-ի հետ: Մենք գործում էինք սխալներ և մեր բնավորությամբ փորձում էինք այդ սխալները գցել ՌԴ-ի վրա, սա անհետք չի անցնելու»:
1998-ից 2008 թվականներին Հայաստանի նախագահի աթոռին եղած, երկրի բնակչության ծանրակշիռ մեծամասնության կարծիքով՝ այն զավթած Ռոբերտ Քոչարյանն այսօր շուրջ չորս ժամ տևած ասուլիսը հիմնականում նվիրեց Ռուսաստանի Դաշնությանը և նրա իշխանություններին իր հավատարմությունը հայտնելուն:
Ասուլիսի մեկնարկից որոշ ժամանակ անց քաղաքագիտական շրջանակները սկսեցին կարծիքներ հայտնել, որ տպավորություն է՝ ասուլիս տվողը Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է։
«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Քոչարյանը և այլ սուբյեկտներ պայքարում են Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչը լինելու համար:
Խաչատրյանին չեն զարմացնում Քոչարյանի այն հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանն է մեղավոր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները թշնամացել են:
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի պատերազմով ապացուցեց, թե ոնց է լինում թշնամի դաշնակիցը, հետևաբար այստեղ էլ ապացուցվում է, որ Քոչարյանի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում, ասում է զրուցակիցը։ Եթե Քոչարյանը հիշում է Ղարաբաղի, այն պաշտպանելու մասին, ապա, Խաչատրյանի խոսքով, հստակ պետք է վերհիշի, որ իր իշխանության ժամանակ ինքը պետք է զինած լիներ Հայաստանին, որ պատերազմում ունենայինք այն, ինչ պետք է ունենայինք։
Հայտարարելով, թե Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, և որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց նրա, ըստ զրուցակցի՝ Ռոբերտ Քոչարյանը փաստացի ինքնախոստովանեց և բացահայտեց «Հոկտեմբերի 27»-ը։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:
Նյութի աղբյուր