Բաքվի «Թուրան» գործակալությունը, հղելով Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մեկնաբանությանը, գրում է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի թռիչքի ժամերին Ռուսաստանի օդային տարածքում արտաքին տեխնիկական խաթարումների է բախվել նաև Իլհամ Ալիևի «Բաքու-1» ինքնաթիռը։ Ադրբեջանի նախագահն այդ օրը մեկնում էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որ ամեն տարեվերջի ավանդաբար կազմակերպում է Ռուսաստանի նախագահը։
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հիմք է ընդունել Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման պատճառների հետաքննության նախնական եզրակացությունը, որտեղ արձանագրված է, որ այն «Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում, այդ թվում՝ Գրոզնի օդանավակայանի մոտ, կորցրել է GPS ազդանշանը»։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ միայն Չեչնիայի, այլև ՌԴ օդային տարածքի այլ հատվածներում GPS ազդանշանի արգելափակման մասին է։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, փորձագետները «Բաքու-1» օդանավի հետ կապված ենթադրություններ արել են դեռևս հունվարի 4-ին։ «Թուրանը», սակայն, փոխանցում է չափազանց կարևոր տեղեկություն, ըստ այդմ, Իլհամ Ալիևի օդանավը Բաքու-Սանկտ- Պետերբուրգ թռիչքի է բարձրացել, երբ արդեն հայտնի էր, որ «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավը Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում կործանվել է։
Այսինքն, իմանալով, որ ադրբեջանական օդանավը ենթարկվել է աղետի, Ադրբեջանի նախագահն, այնուամենայնիվ, չի չեղարկել ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցությունը, բայց երբ «թիվ մեկ բորտը» ՌԴ օդային տարածքում բախվել արտաքին տեխնիկական խաթարումների, այն է՝ անջատվել է GPS համակարգից, Ալիևը կարգադրել է «շտապ վերադառնալ Բաքու»։
Ադրբեջանական աղբյուրները չեն նշում, թե կոնկրետ ՌԴ օդային տարածքի ո՞ր հատվածում է «Բաքու-1» ինքնաթիռը հայտնվել արտաքին տեխնիկական խաթարումների գոտում։ «Թուրանը» պնդում է, որ նախագահական ինքնաթիռը «ենթարկվել է կուրացնող ալիքների հարձակման»։ Հայտնի չէ, ավելի ճիշտ՝ չի հրապարակայնացվում ադրբեջանական ՛թիվ մեկ բորտի» թռիչքի և Բաքվում հետադարձ վայրէջքի ժամանակը։ Չկա տեղեկություն, թե նախագահական ինքնաթիռը ո՞ր օդանավակայանում է արտակարգ վայրէջք կատարել։
Բայց եթե այս տեղեկությունները գոնե մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա պարզ է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև օդային աղետի պատճառով ստեղծված լարվածությունն ավելի խորքային պատճառ ունի և ուղղակիորեն առնչվում է Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հարաբերություններին։
«Թուրանը» պնդում է, որ Իլհամ Ալիևը Սանկտ-Պետերբուրգ է ուղեւորվել՝ արդեն իսկ տեղեկացված լինելով, որ Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը կործանվել է, ընդ որում՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։ Սա նշանակում է, որ նա պայմանական ասած՝ «ազգային աղետը» ստորադասել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Չնայած արտակարգ իրավիճակը պահանջում էր ոչ միայն չեղարկել այցը, այլև դիմել Ադրբեջանի ժողովրդին։
Սանկտ-Պետերբուրգ մեկնելու Ալիևի որոշումը ոչ մի առումով արդարացված չէ։ Բայց որքանո՞վ է բարոյական, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ավիացիոն իշխանություններն Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության չեն տեղեկացրել, որ Հյուսիսային Կովկասի օդային տարածքում հայտարարված է «գորգ ռեժիմ»։
Ո՞վ է թերացել։ ԻՆչ-որ մեկին ձեռնտու՞ էր, որ Պուտին-Ալիև հարաբերությունների փոխադարձ վստահությունը խաթարվի։ Ադրբեջանական լրատվամիջոցը փաստացի ասում է, որ ՌԴ օդային տարածքում Ադրբեջանի «թիվ մեկ բորտը» ենթարկվել է տեխնիկական հարձակման, որ կարող էր օդանավի խորտակման պատճառ դառնալ։ Ավելի մատչելի լեզվով ասած՝ Ադրբեջանի նախագահն իր «անկախ» լրատվամիջոցին հրահանգել է հրապարակայնացնել, որ 2024 թ․ դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի օդային տարածքում իր դեմ մահափորձ է կազմակերպվել։
Ղազախստանի կառավարական հանձնաժողովում «Բաքու-1» օդանավի հետ կապված հանգամանքներն ուսումնասիրության առարկա՞ են դարձել կամ հետագայում կարո՞ղ են դառնալ։ Ադրբեջանը սպառնում է Ռուսաստանի դեմ միջազգային դատական հայց ներկայացնել, եթե Մոսկվան պաշտոնապես չընդունի, որ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռը «խոցվել է «Պանցիր» ՀՕՊ համակարգի արձակած հրթիռով»։ «Ռոսավիացիան» արդեն իսկ հակադարձել է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի հրամանատարն ինքն է ընդունել Ակտաուի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու որոշումը՝ չնայած որ Մախաչկալայի և Մինվոդիի օդանավակայանները պատրաստ էին ընդունել նրան։
Նյութի աղբյուր