Եթե Հայաստանի սահմանապահ ծառայության կարողունակությունը բարձրանա, ապա հնարավոր է, որ դրա շնորհիվ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից դուրս գան ռուս սահմանապահներն ամբողջությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ հայտարարությունն արել է Հայաստանի փոխարտգործնախարար Հովհաննիսյանը: Նա այդ մասին խոսել է ի պատասխան այն հարցի, թե ինչ նպատակով են Հայաստան այցելելու ԱՄՆ սահմանապահ ու մաքսային ծառայության աշխատակիցները, ինչի մասին ազդարարել էր արդեն նախկին պետքարտուղար Բլինքենը՝ հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրման օրը:
Փոխարտգործնախարար Հովհաննիսյանը հայտարարել է, որ մեր սահմանապահ ծառայության կարողությունների բարձրացումը կարող է բերել նրան, որ ամբողջապես Հայաստանի սահմանապահները կիրականացնեն ծառայություն պետական սահմանին: Ըստ նրա՝ աշխարհում իդեալական վիճակն այն է, որ պետությունն ինքն է պահպանում իր սահմանները: Փոխարտգործնախարարի հայտարարությունը հնչում է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումից երեք օր անց: Հանդիպում, որը համենայն դեպս ակնհայտորեն տարբերվում էր մինչ այդ եղած հայ-ռուսական մթնոլորտից և հռետորաբանությունից:
Դրանից երեք օր անց Հայաստանի ԱԳ փոխնախարարը խոսում է ռուս սահմանապահներին հեռացնելու մասին, ընդ որում՝ ամերիկյան սահմանապահների պատվիրակության այցի համատեքստում: Անկասկած է, որ փոխարտգործնախարարի հայտարարությունը ինչ -որ պահի հարցի տեսքով հասցեագրվելու է ռուսական կողմին: Դիվանագետը «անզգուշաբար» քա՞ր է գցել ընդամենը երեք օր առաջ ազդարարված որոշակի հաղորդակցային խնդիրների հաղթահարման մեկնարկի վրա, թե՞ Մոսկվայի հանդիպմանը Երևանն ու Մոսկվան, այդուհանդերձ, քննարկել են այդ հարցը, և Հայաստանի փոխարտգործնախարարն այն շոշափում է՝ ունենալով հենց այդ քննարկման «հիմքը»:
Համենայն դեպս, Երևանն ու Մոսկվան Փաշինյան-Պուտին մակարդակով արդեն իսկ ունեցել են սահմանապահների հետ կապված երկու համաձայնություն: 2024 թվականի մայիսի հանդիպմանը նրանք պայմանավորվեցին Զվարթնոց օդանավակայանի սահմանային անցակետից ռուս սահմանապահներին ամբողջությամբ դուրս բերելու մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերի հանդիպմանը նրանք պայմանավորվեցին հայ-իրանական սահմանի վերաբերյալ: Ըստ դրա՝ սահմանի անձնագրային անցակետում ծառայությունը այժմ ամբողջությամբ իրականացնում է միայն Հայաստանի սահմանապահ ծառայությունը, իսկ սահմանի ամբողջ երկայնքով ծառայությունը իրականացվում է համատեղ:
Ի դեպ, ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպմանը նախորդեց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը: ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարվեց, որ քննարկել են Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացման հարցը: Իհարկե, չասվեց, թե ինչ որոշում է կայացվել, սակայն այժմ ԱԳ փոխնախարարի հայտարարության պարագայում, հնարավո՞ր է եզրակացնել, որ Երևանն ու Մոսկվան հարցը քննարկել են «փոխանակման» սկզբունքով՝ հյուպատոսությունը այսպես ասած սահմանային ծառայության դիմաց:
Այդ դեպքում հարց կառաջանա՝ Ռուսաստանի համար Սյունիքում հյուպատոսությունը կարո՞ղ է լինել ավելի կարևոր, քան ներկայությունը հայ-թուրքական սահմանին: Այդ հարցի պատասխանը սակայն ապագայում է, որովհետև ներկայիս չափումները կարող են հեռանանալ ցանկացած պահի, անգամ օրերի ընթացքում:
Նյութի աղբյուր