Պակիստանն ու Հնդկաստանը հանդարտվեցին, Ադրբեջանը՝ ոչ

Բաքուն Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի շուրթերով «դիտողություն» է անում Հնդկաստանին՝ հայ-ադրբեջանական գործընթացի առնչությամբ: «Պակիստան – Հնդկաստան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Հնդկաստանը և այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ – ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

Պակիստան-Հնդկաստան լարվածության ընթացքում Բաքուն և Անկարան բացահայտ աջակցություն են ցուցաբերել Պակիստանին, և հիմա իրենց այդ դիրքորոշումն «արդարացնում» են նրանով, թե իբր բխել է միջազգային իրավունքից: Բաքուն ակնարկում է, որ հայ-ադրբեջանական հարցում Հայաստանին Հնդկաստանի հնարավոր աջակցությունը «չի բխում» այսպես կոչված միջազգային իրավունքից: Այն, որ «միջազգային իրավունքի» հարցում Բաքուն թե՛ Պակիստան-Հնդկաստան, թե՛ Հայաստան-Ադրբեջան գործընթացների առումով ընդամենը զբաղված է մանիպուլյատիվ ժանգլյորությամբ, ունի շատ վկայություններ:

Տվյալ պարագայում հարցն այն է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել պահը հայ-հնդկական գործակցությունը թիրախավորելու, միաժամանակ նաև Հնդկաստանին այդ իմաստով շանտաժելու համար: Հատկանշական է, որ Բաքվի հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Դելի է այցելել Հայաստանի ԱԽ քարտուղարը: Հնդկաստանը 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, դարձել է Հայաստանի թիվ մեկ ռազմա-տեխնիկական գործընկերը: Ադրբեջանի համար Հնդկաստանի թիրախավորումն ունի, սակայն քիչ ավելի լայն նպատակ, քան զուտ ռազմա-տեխնիկական գործակցությանը խանգարելը:

Հնդկաստանն էական ծրագրեր ունի Կովկասը դեպի Եվրոպա տարանցիկ ճանապարհ դիտարկելու առումով: Հնդկաստանին ներկայացնելով իբրև «միջազգային իրավունքի դեմ» գործող սուբյեկտ՝ Ադրբեջանն այդպիսով փորձում է այսպես ասած քաղաքական «գաղջ» մթնոլորտ ստեղծել Դելիի շուրջ, հետևաբար դեպի Կովկաս ճանապարհին, որն անցնում է Իրանով և Օմանով, եթե դիտարկենք նաև օդային ճանապարհները: Հայաստանն այստեղ, անշուշտ, ունի կարևոր անելիք ոչ միայն Դելիի, այլ նաև Թեհրանի հետ: Ընդ որում, այդ անելիքը պետք է լինի կանխարգելիչ տրամաբանությամբ, և ոչ թե Ադրբեջանի ստեղծած խնդիրների հետևից գնալու:

Թերևս ավելորդ չէր լինի, եթե ԱԽ քարտուղարը Դելիից վերադառնար Թեհրանով, կամ շատ մոտ ապագայում Հայաստանի անվտանգության ոլորտի քննարկում ունենար Իրանի հետ: Միևնույն ժամանակ, ուշադրության է արժանի թերևս ադրբեջանական պրոպագանդայի «ոգևորությունը» Հնդկաստանի ու Պակիստանի միջև մի քանի օր եղած ռազմական գործողությունների ընթացքում Պակիստանի՝ իբրև թե համոզիչ առավելության և հնդկական ուժերի ստացած հարվածների մասին: Այստեղ անկասկած տողատակում հենց հայ-հնդկական ռազմա-տեխնիկական գործակցությունն է: Ադրբեջանական պրոպագանդան համանման պահվածքով էր աչքի ընկնում նաև 2020 թվականի փետրվարին, երբ Իդլիբում բախվում էին թուրքական ուժերն ու ռուսական աջակցությամբ Ասադի բանակը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *