Հայաստանի ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գևորգ Սեդրակյանը վստահեցնում է, որ Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի գտնվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սեդրակյանն այդ մասին ասաց Մարմարիկում լրագրողների հետ զրույցում։
Նա տեղեկացրեց, որ մայիսի 4-ին, ժամը 11։45-ին Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ բնակավայրում 2-ամյա երեխա է կորել, կա հավանական վարկած, որ երեխան գետն է ընկել, քանի որ տունը գետին մոտիկ է։
«Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, և այդ պահից մինչ այժմ իրականացնում ենք որոնողական աշխատանքներ։ Ներկա պահին ինտենսիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում, շուրջ 250 փրկարար ծառայողներ են ներգրավված, նրանց կազմում են և՛ ջրասուզակներ, և՛ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարար ծառայողներ»,- մանրամասնեց Սեդրակյանը։
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում և՛ բնակավայրում, և՛ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում։
«Այս պահին ոչ մի արդյունքի չենք հասել, ոչ մի հետք չունենք, որևէ հագուստ, իր չենք հայտնաբերել։ Գետի որոշակի հատվածներում ցանցեր ենք տեղադրել, որպեսզի ինչ-որ բան կարողանանք հայտնաբերել։ Ցանցերը տեղադրել ենք 5 հատվածում, դրանք այն հատվածներն են, որտեղ գետն ավելի հանդարտ է»,- ասաց Սեդրակյանը։
Նյութի աղբյուր