Քամին կարող է առաջինն Ադրբեջանին քշել

ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Միրզիոևի հետ: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են երկկողմ առևտրայյին հարցեր, հարաբերությունը խորացնելու հեռանկարներ: Քննարկվել են նաև միջազգային հարցեր: Կենտրոնական Ասիան հայտնվել է աշխարհաքաղաքական արագացումների կիզակետում:

Մեկ ամիս առաջ Ուզբեկստանում էին ԵՄ ղեկավարները, որոնք անցկացրին ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը՝ արձանագրելով Եվրամիության համար ռազմավարական նշանակության նախագծի՝ «Գլոբալ դարպասների» հարցում ռեգիոնի կարևորությունը: Այդ գագաթնաժողովն առաջինն էր ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Ապրիլի վերջին ռեգիոնում իր միջոցառումն անցկացրեց Չինաստանը՝ Ալմա Աթիում կազմակերպելով արտաքին գործերի նախարարների գագաթնաժողով, որի ընթացքում Պեկինն ընդգծեց իր առաջնահերթությունները:

Իհարկե, այդ ընթացքում հետաձգվեց նաև մեկ այլ արտգործնախարարական հավաք՝ Կենտրոնական Ասիայի և արաբական երկրների միջև, ինչը, սակայն, էապես չի նվազեցնում այն դինամիկան, որ ձևավորվել է ռեգիոնի շուրջ: Սա, իհարկե, ոչ միայն զարմանալի չէ, այլ նաև միանգամայն սպասելի, քանի որ Կենտրոնական Ասիան ռազմավարական ռեսուրսների ռեգիոն է, որտեղ ուժերի հարաբերակցությունը զգալիորեն կանխորոշելու է հարաբերակցությունը աշխարհում: Դիվանագիտական միջոցառումներին զուգահեռ, Կենտրոնական Ասիայի շուրջ «հաշվետու ժամանակահատվածում» նաև խմորվել են բավականին նկատելի ուժային լիցքեր:

Դրանց լրջագույն աղբյուրի է վերածվել Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը: Միևնույն ժամանակ, անցնող ամիս Ադրբեջան էր ժամանել ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը, որի այցի թեման Աֆղանստանն էր ու դրա կայունությունը: Թե ինչ նշանակություն ունի Աֆղանստանի իրավիճակը Կենտրոնական Ասիայի համար, թերևս ավելորդ է խոսել: Նարիշկինը Բաքվում խոսել էր այն մասին, որ արևմտյան հատուկ ծառայությունները փորձում են ապակայունացնել Աֆղանստանը:

Այս հանգամանքը, որ Ռուսաստանը թեման «տեղափոխել» է Ադրբեջան, վառ ընդգծում է, թե կենտրոնասիական առանցքի շուրջ դինամիկ պտույտները ինչ քամիներ կարող են առաջացնել հարակից գոտիներում, այդ թվում՝ Կովկասում: Այս ֆոնին գուցե քիչ ուշադրության արժանացավ Վրաստանի նախագահի այցը Հայաստան, որտեղ նա խոսում էր կովկասյան ռեգիոնի հզորացման հարցում երեք երկրների գործակցությանը նպաստելու Թբիլիսիի պատրաստակամության մասին: Կովկասի «միասնական հզոր ռեգիոն» լինելու մասին խոսելը, իհարկե, ոչ միայն վաղ է, այլ գուցե թե նաև անիրատեսական, մի շարք թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ հանգամանքների բերումով:

Սակայն որոշակի իրավիճակային գործակցության և լուծումների հնարավորություն փնտրելը կարող է պահանջված լինել երեքի համար էլ, որքան էլ մեկը՝ Ադրբեջանը, ունի շատ ավելի հանդուգն և վերամբարձ հավակնություններ, այդ թվում հենց Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ: Եթե Կենտրոնական Ասիայի շուրջ պտույտները ուժեղ քամի առաջացնեն նաև Կովկասում, ապա Ադրբեջանն իր հավակնություններով հանդերձ, այդուամենայնիվ, հազիվ թե կարողանա սանձել այդ քամիները և առավել ևս աներկբա ուղղել Հայաստանի վրա:

Բաքուն, իհարկե, ունի այդ հավակնությունը և անգամ սպասումը՝ նախապատրաստվելով դրան, և գուցե ավելորդ է անգամ մտորել, որ Ադրբեջանը կարող է գործնականում իրապես տրամադրվել թեկուզ իրավիճակային ռեգիոնալ գործակցության: Բայց Կենտրոնական Ասիայի արագացումները, սթափ դատողության կանխավարկածի պարագայում Ադրբեջանի մոտ պետք է առաջացնեն ոչ միայն սպասումներ, այլ նաև տագնապ, հետևաբար դրա համատեղ ռեգիոնալ հաղթահարման մոտիվ:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *