«Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ռուսները փորձել են դուրս բերել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի ղեկավարներից Կարեն Սարգսյանից այսօր իմ գործընկեր լրագրողները փորձել են ստանալ տեղեկատվություն, թե ինչպես են նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ձերբակալվել Ստեփանակերտի իր տնից:
Պարոն Սարգսյանը, հաշվի առնելով այսօրվա օրը, շատ ժլատ է եղել, բայց ասել է մի բան, որ ամբողջովին համապատասխանում է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, ինչի մասին ես եմ գրել:

Նա ասել է, որ Արցախի նախագահները որոշել են դուրս չգալ Արցախից, մինչև դուրս չգան ԲՈԼՈՐ մյուս արցախցիները:
ԵՎ սա ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է, անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում այսօր պարոն Ղուկասյանին ու Սահակյանին:
Ավելին ասեմ՝ Ադրբեջանի պահանջած 5 հայերից միակը, որ ներքին հզորություն է ունեցել անմիջապես հանձնվել, եղել է Դավիթ Բաբայանը: Միակը:

Ռուբեն Վարդանյանը, որ ևս պետք է Բաբայանի պես անմիջապես հանձնվեր, ինչը եղել է Եվլախի պայմանավորվածություններից, փորձել է Հակարիով սեպտեմբերի վերջերին դուրս գալ՝ նստելով Դավիթ Մանուկյանի մեքենան, որի պատճառով այսօր նաև Դավիթն է Բաքվի բանտում:
Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ռուսները մի քանի փորձ են արել դուրս բերել ուղղաթիռով Սիսիան, բայց ադրբեջանցիները թույլ չեն տվել:

Սա է ճշմարտությունը:
Ադրբեջանցիների կողմից Եվլախի բանակցություններում հինգերորդ պահանջվածը՝ Կամո Վարդանյանը, ազատվել է հետագա բանակցությունների արդյունքում:
Պետք է ամեն ինչ անել, որ ՓԱՍՏԱԿԱՆ այս իրողությունները չկեղծվեն առաջիկայում, որքան էլ դառն է ճշմարտությունը»․

Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *