Վերջին շրջանում Բաքվի և Ալիևի աշխատակազմից վարձահրավիրված «միջազգային փորձագետները» ջանք ու եռանդ չեն խնայում՝ քարոզելու, որ Ադրբեջանը քննարկում է այսպես կոչված «Աբրահամի ուխտին» միանալու հնարավորությունը: Ըստ տեղեկությունների՝ խնդիրը քննարկվել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի Երուսաղեմ այցի ընթացքում, երբ նրան ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Ընդսմին, «Աբրահամի ուխտին» Ադրբեջանի ներգրավվածությունը դիտարկվում է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնման հնարավորություն:
Բաքվի այդ նախաձեռնությունը, երևում է, արաբական աշխարհում լրջագույն անհանգստության տեղիք է տվել: «Ես հավատում եմ, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար Ադրբեջանն ամեն ինչ կանի»,- Բաքվի իշխանական լրատվամիջոցին ասել է Եգիպտոսի նախկին երկարամյա արտգործնախարար Ամր Մուսան: Նա նաև վստահ է, որ Ադրբեջանը կլինի այն երկրների առաջնաշարքում, որ պաղեստինցիներին կաջակցի ձեռք բերել անկախություն, այլ ոչ թե Իսրայելի հետ հարաբերություններ կզարգացնի՝ ի վնաս պաղեստիների»:
Եգիպտոսի նախկին արտգործնախարարի գնահատմամբ՝ արաբական աշխարհն Իսրայելի հետ ցանկացած երկրի հարաբերությունները «տաբու չի գնահատում»: Ընդհառակը, Եգիպտոսը կողմ է արաբա-իսրայելական կարգավորմանը, բայց այն կոնտեքստում, որ դա ծառայի խաղաղության հաստատմանը, պաղեստինցիների և իսրայելցիների հարաբերությունների այնպիսի կարգավորմանը, որ կաջակցի պաղսետինցիների ինքնորոշման և անկախ պետության ստեղծման ձգտումներին»:
Եգիպտացի նախկին բարձրաստիճան դիվանագետը փաստացի ներկայացրել է իսրայելա-ադրբեջանական հարաբերություններից արաբական աշխարհի սպասելիքները, որ, ըստ էության, կայանում են նրանում, որ Բաքուն Երուսաղեմի հետ ցանկացած համագործակցությունը չպետք է կառուցի Պաղեստինի անկախության նպատակը, պաղեստինցիների ձգտումները շրջանցելու գնով: Փաստացի Ամր Մուսան բացահայտում է, որ արաբական աշխարհը քաջատեղյակ է իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների բնույթին և հասկացնում, որ այսուհետև այդպես չպետք է լինի:
Խնդրի «նրբությունը» նրանում է, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանին հաջողվել է արաբական աշխարհի առաջատար երկրների, այդ թվում և Եգիպտոսի, հետ բավական սերտ հարաբերություններ հաստատել: Այդ երկրները միաժամանակ Իսլամական համերաշխության կազմակերպության անդամ են և ավելի քան երկու տասնամյակ ԼՂ կարգավորման հարցում Ադրբեջանին բացառիկ աջակցություն են ցուցաբերել:
Այսօր, ինչպես հասկացվում է Եգիպտոսի նախկին արտգործնախարարի բավական թափանցիկ ձևակերպումներից, ոչ միայն արաբական, այլև իսլամական աշխարհը Բաքվից «համարժեք փոխհատուցում» է ակնկալում: Ամր Մուսայի ենթատեքստային ակնարկները, թերևս, կարելի է համարել Ադրբեջանի նախագահին «դեղին քարտ»:
Նման «ուղերձը», ըստ երևույթին, բխում է իսրայելա-ադրբեջանական համագործակցության նկատմամբ արաբական աշխարհի անհանգստությունից: Պաղեստինի անկախ պետության ստեղծումը ոչ միայն արժանապատվության, էթնիկ-քաղաքակրթական ինքնության ամրապնդման, այլև անվտանգային և, իհարկե, տնտեսա-աշխարհաքաղաքական հարց է, որ արաբական աշխարհը փորձում է կարգավորել արդեն մոտ ութ տասնամյակ:
Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը կապված են «հաղորդակից անոթներով»: Եվ եթե արաբական աշխարհի առաջատար երկրները նպաստում են Ադրբեջանի էներգետիկ, ենթակառուցվածքային և կոմունիկացիոն նախաձեռնությունների իրականացմանը, իսկ դա այդպես է, ուրեմն Բաքուն պետք է փոխհատուցի Պաղեստինի հարցում գործնական համերաշխությամբ:
Բայց Ալիևը Նաթանյահուի որոշումների վրա ազդեցության լծակ ունի՞:
Նյութի աղբուր