«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,- ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր շարունակվող ադրբեջանական այն ապատեղեկատվության ֆոնին, թե հայկական զինուժն իբրև կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ-ն պարբերաբար հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունը՝ հիշեցնելով, որ Երևանը դեռևս 2024 թվականի հունիսից առաջարկել է հրադադարի խախտման հետաքննությունների համատեղ մեխանիզմ: Բաքուն դա ոչ միայն չի ընդունել, այլ նախօրեին Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությանն ի պատասխան հայտարարեց, որ դա անիրատեսական է ու Երևանից սպասում են պարտավորությունների կատարման գործնական քայլեր:
Ի՞նչ է կատարվում հայ-ադրբեջանական տիրույթում, երբ թվում է, թե Խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո իրավիճակը պետք է բնորոշվեր ավելի հանդարտությամբ, գոնե առժամանակ, բայց այն, կարծես թե, ավելի լարվել է, համենայն դեպս տեղեկատվական մակարդակում: Հայաստանի ՊՆ-ին՝ չկրակելու հստակ հանձնարարականի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը արդյո՞ք նշանակում է, որ Երևանը համարում է, որ Ադրբեջանի ապատեղեկատվական արշավը պարունակում է էսկալացիայի որոշակի իրական ռիսկեր:
Մյուս կողմից, արդյո՞ք Երևանից հնչող հայտարարությունները բավարար են այդ ռիսկերը չեզոքացնելու համար: Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ին իր հանձնարարականի վերաբերյալ գրառումից կարճ ժամանակ առաջ էլ գրառում էր արել այն մասին, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի տակ: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ, եթե Ադրբեջանը ունի էսկալացիայի մտադրություն, Փաշինյանի գրառումները՝ ստորագրելու պատրաստակամության, կամ չկրակելու մասին ՊՆ-ին տրվող հստակ հանձնարարականի մասին, հազիվ թե կկանգնեցնեն կամ կաշկանդեն Բաքվին:
Ի վերջո, Բաքվի ապատեղեկատվական արշավի հաշվարկն այն չէ, որ Փաշինյանը կարող է չարձագանքել և չասել, որ ՊՆ-ին տվել է չկրակելու հանձնարարական: Հետևաբար, այն, ինչ դրսևորվում է առերևույթ, կարծես թե ավելի շուտ արտացոլում է ոչ այնքան խորքում եղածը, այլ ինչ-որ իմաստով շեղում դրանից: Համենայն դեպս, առերևույթ ռեակցիաներն ու հակառեակցիաները շատ պարզունակ են թվում՝ խորքային դրսևորում ունենալու համար: Հետևաբար, խորքում եղածը մեծ հավանականությամբ ունի այլ բնույթ ու տրամաբանություն:
Նյութի աղբուր