Հայաստանում դա չպետք է անցնի անգամ «մտքի հեռավոր ծայրով»

Հաճախ է հնարավոր լսել Հայաստանում կարծիք, որ Բաքվում դատելով Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը՝ Ադրբեջանը նրանց դատավարության, նրանցից ցուցմունքներ կորզելու միջոցով լեգիտիմ հիմք է նախապատրաստում Հայաստանի դեմ գործերի համար: Անշուշտ, կասկած չկա, որ Բաքուն հենց այդ նկատառումով է պատանդառել Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը, որպեսզի նրանց ենթարկելով զանազան ճնշումների՝ օգտագործի դատավարությունը Հայաստանի դեմ:

Սակայն դա որևէ կերպ չի կարող լինել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և ոչ մի հավակնության լեգիտիմ «հիմք»: Միջազգային որևէ ատյանի համար Բաքվի դատավարության ընթացքում հայ բանտարկյալների արտահայտած և ոչ մի միտք, նախադասություն, բառ չի կարող ծառայել Հայաստանի հանդեպ ոչ մի մեղադրանքի ապացույց կամ փաստարկ: Հայաստանը պետք է բոլոր մակարդակներում առաջ մղի հենց այդ մտայնությունը:

Չի կարող որևէ պատանդի ցուցմունք կամ արտահայտած միտք հիմք դառնալ որևէ դատարանի համար, ծառայել որևէ իրավական պրոցեսի: Պաշտոնական Երևանը բարձրաձայնել է, որ Ադրբեջանում բանտարկված մեր հայրենակիցների հանդեպ կիրառվում են ճնշման տարբեր միջոցներ՝ նրանցից անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար: Այդ հարցում Հայաստանում պետք է ձևավորվի միասնական դիրքորոշում և միասնական դիմում միջազգային հանրությանն ու դերակատարներին՝ կապված այն հանգամանքի հետ, որ չի կարող դե ֆակտո պատանդառված անձանց որևէ ցուցմունք դառնալ Հայաստանի Հանրապետության հանդեպ մեղադրանքի հիմք կամ նույնիսկ «ապացուցողական բազայի» բաղադրիչ:

Այդ «նարատիվը» պետք է հնարավոր բոլոր կառավարական և ոչ կառավարական խողովակներով անընդհատ փոխանցվի միջազգային դերակատարներին, կառույցներին՝ նաև ներգրավելով միջազգային իրավապաշտպան հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները: Ինչպես Ադրբեջանը չի ունեցել և չունի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հանդեպ որևէ ագրեսիայի լեգիտիմ հիմք, այդպես էլ Ադրբեջանը չունի ոչ միայն Բաքվում ընթացող դատավարության, այլ նաև այդ դատավարությունը Հայաստանի դեմ օգտագործելու ոչ մի լեգիտիմ հիմք:

Հայաստանում չպետք է լինի խոսույթ, որն անգամ «մտքի հեռավոր ծայրով» կարող է թույլ տալ դիտարկել տարբերակ, երբ Հայաստանը պետք է ստիպված լինի որևէ աստիճանի «լեգիտիմություն» դիտարկել Ադրբեջանում կատարվողի, և այն հետագայում Հայաստանի դեմ կիրառելու որևէ հեռանկարի հանդեպ: Միևնույն ժամանակ, Հայաստանի և թերևս հայության հավաքական խնդիրը պետք է լինի համապատասխան օբյեկտիվ չափումը հետևողականորեն մատուցել միջազգային ասպարեզում:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *