Մինչ Հայաստանում հանրությունն արձագանքում է Բաքվից Ռուբեն Վարդանյանի՝ հարազատների միջոցով փոխանցված ուղերձին, Ադրբեջանը ուժգնացնում է շանտաժը այդ հարցում: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը Բաքվում ընթացող դատավարությունների դեմ «անհարկի քարոզչության» փոխարեն պետք է գործակցի խաղաղության ուղղությամբ, իսկ որպես գործակցության օրինակ Հաջիևը նշում է, թե Հայաստանը պետք է հանձնի նաև «ռազմական հանցագործության համար մեղադրվողներին»:
Մեղմ ասած, դժվար չէ կռահել, թե ինչ կամ ում նկատի ունի Իլհամ Ալիևի օգնականը: Առավել ևս, որ Ադրբեջանը այդ առնչությամբ նախկինում արել է նաև անվանական հայտարարություններ: Այսինքն՝ Ադրբեջանը ոչ միայն պահում է Բաքվում պատանդառված Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարությանը, այլ նաև, ըստ էության, պահանջում Հայաստանից հանձնել նաև մի շարք գործիչների, որոնք գտնվում են Հայաստանում:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի լուծում լոկ պատանդառված մեր հայրենակիցներին պատժելու խնդիր, այլ դրված է շատ ավելի խորը և ռազմավարական նպատակ, որի թիրախում Հայաստանի հանրապետությունն է ամբողջապես: Սա իսկապես լրջագույն մարտահրավեր է, քանի որ լոկ ուժերի բալանսի հարց չէ, այլ մեր հայրենակիցների մարդկային ճակատագրի և արժանապատվության, որը խնդրին ավելացնում է բարոյահոգեբանական ծանրագույն մի շերտ և ստեղծում իսկապես բավականին փակուղային մի իրավիճակ:
Ակնհայտ է, որ հարցի այն շեշտադրումներն ու արծարծումը, որ առկա է հանրային մակարդակում, իր մեջ ինքնին չի պարունակում որևէ լուծում: Այն ընդամենը հանրային էմոցիաների անվերահսկելի մի հոսք է, որը նույնիսկ կարող է ոչ միայն չլինել օգտակար, այլ առաջացնել ռիսկեր, եթե չի ուղեկցվում խնդրի կառավարման ռազմավարական քաղաքական աշխատանքով: Եվ ակնառու է, որ այդ աշխատանքը պետք է կազմակերպի, նախաձեռնի քաղաքական իշխանությունը, բայց դրանում պետք է ներգրավվի քաղաքական դասի առնվազն որոշակի կորիզային շրջանակ, անկախ նույնիսկ միջանձնային և քաղաքական հարաբերություններից:
Այդ պրոցեսում պետք է քննարկվեն շատ կոնկրետ անելիքներ, քայլեր, աշխատանքային ուղղություններ, որպեսզի ձևավորվի գոնե այդ հարցում Հայաստանի դիմադրունակության որոշակի սխեմա: Եթե հանրային պահանջը, հանրային ուշադրությունը չուղեկցվի այդ գործընթացով, ինքնին լինելու է ոչ թե օգտակար գործոն, այլ առավել խոցելի է դարձնելու Հայաստանը թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական տեսանկյունից:
Նյութի աղբուր