Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերով Թուրքիա է այցելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Մոտավորապես հնարավոր է պատկերացնել, թե ինչ հարցեր են լինելու Էրդողան-Ալիև հանդիպման օրակարգում: Այն, որ Ալիևը հրավիրվել է Անկարա, թերևս նշանակում է, որ կա բավականին առարկայական, էական խոսակցության անհրաժեշտություն, որը հնարավոր չէ «փոխարինել» հեռախոսազրույցով:
Այսինքն, լինելու է մասշտաբային և առարկայական օրակարգ: Թուրքիան, ըստ ամենայնի, սահմանելու է Ադրբեջանի տեղն ու դիրքը, ըստ էության՝ վարքագիծը, այն վերաձևումներում և վերադասավորումներում, որ ներկայումս տեղի են ունենում Թրամփի պաշտոնամուտից հետո: Թուրքիան փորձում է դիրքավորվել ուժերի նոր հարաբերակցության համատեքստում և Անկարայի համար այստեղ շատ կարևոր է դառնում Ադրբեջանի վարքագիծը:
Էրդողանն Ալիևից պահանջելու է ավելի ագրեսիվությո՞ւն, թե՞ հակառակը՝ չանել շարժեր ու քայլեր, որոնք Թուրքիայի համար կստեղծեն լրացուցիչ խնդիրներ: Սա կախված է նաև այն հանգամանքից, թե Էրդողանն օրեր առաջ ինչ է խոսել Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ, որի հետ նրա հեռախոսազրույցն այն օրն էր, երբ Սպիտակ տանը տեղի էր ունենում աղմկոտ միջադեպը Զելենսկու այցի ընթացքում:
Դրանից ժամեր առաջ Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպել էր նաև Սթարմերը, որը Սպիտակ տանը աղմկոտ միջադեպից ժամեր հետո Լոնդոնում գրկում էր Զելենսկուն բավականին երկար: Սթարմերն Էրդողանից ակնկալել է աջակցություն, դա թերևս կասկածից վեր է:
Հարցն այն է, թե արդյո՞ք Էրդողանը խոստացել է այդ աջակցությունը և Ալիևին հրավիրել դրա համար, թե՞ հակառակը՝ Էրդողանը մտադիր չէ «ոտք դնել» Թրամփին, և նույնն ակնկալում է նաև Ադրբեջանից՝ որի հետ ունի օկուպացված Շուշիում ստորագրված հայտնի հռչակագիրը: Էրդողանին գուցե անհանգստացնում է այն ազդեցությունը, որ Ադրբեջանի հանդեպ ունի Բրիտանիան՝ Բաքվի նավթագազայյին ոլորտի գլխավոր ներդրողը: Ի դեպ, շատ հետաքրքիր տեղեկություն է ստացվել Բաքվից՝ Ալիևի Անկարա այցին ընդառաջ: Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի նավթավերամշակման գործարանում:
Նյութի աղբուր