ՀՈՐՍ ՍՊԱՆՈՂԻՆ ԲԱՆՏ ՈՒՂԱՐԿԵԼԸ ԿՅԱՆՔԻՍ ՆՊԱՏԱԿՆ Է ԴԱՐՁԵԼ

1994 թվականին հրազենային կրակոցից սպանված Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, դիմել է վարչապետին եւ արդարադատության նախարարին՝ 2018 թվին վերաբացված ու «քնեցրած» գործը տեղից շարժելու համար։ «Թավշյա հեղափոխությունից» հետո նա հույս ուներ, որ կոծկված հանցագործությունը կբացահայտվի, եւ մարդասպանը, որը, իր համոզմամբ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է, կհայտնվի բանտում։ 

1994 թվականին հրազենային կրակոցից սպանված Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, դիմել է վարչապետին եւ արդարադատության նախարարին՝ 2018 թվին վերաբացված ու «քնեցրած» գործը տեղից շարժելու համար։ «Թավշյա հեղափոխությունից» հետո նա հույս ուներ, որ կոծկված հանցագործությունը կբացահայտվի, եւ մարդասպանը, որը, իր համոզմամբ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է, կհայտնվի բանտում։ 

Գործը վերաբացելու պատճառ էր դարձել նոր երեւան եկած հանգամանքը։ «2018 թվին մենք ապացուցեցինք, որ մեղադրանքը սխալ հոդվածով է առաջադրվել․ հայրս սպանվել է ոչ թե անզգուշության հետեւանքով, ինչպես նշված է քրեական վարույթում, այլ՝ կանխամտածված»,- ասում է Էդուարդը, որի ընտանիքին՝ 1994 թվականին, Մանվել Գրիգորյանը ստիպել էր լռել եւ հեռանալ երկրից։ «Պապուս սպառնացել էր՝ թոռներ ունես, բա չե՞ս մտածում․․.»:

2020 թվականին դատարանը բեկանել է 1994 թվականի որոշումը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան։ Էդուարդի ակնկալիքները, որ վերաբացված գործը թափով առաջ կգնա, չեն արդարացել։ Նիստերը սկսել են ձգձգվել։ Դատավորները մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ են հայտնել։ «Մեկն ասում էր՝ ես Մանվելի աղջկա հետ մոտիկ եմ, չեմ կարող էդ գործը վերցնել, մյուսը Մանվելի տղու հետ էր աղուհաց կիսել, երրորդը երեւի փորձի պակաս է ունեցել՝ 31 տարվա վաղեմության գործը քննելու համար․․. Կոռուպցիան էլ չեմ բացառում։

Ճիշտ է՝ չեմ կարող պնդել ու ապացուցել, բայց որ հինգ դատավոր հրաժարվում է, կասկածի տեղիք է տալիս,-ասում է Էդուարդն ու ավելացնում։- Եթե իմ փաստաբանը դատավորի նկատմամբ ինքնաբացարկ հայտներ՝ Մանվելի աղջկա հետ մտերիմ լինելու հանգամանքով պայմանավորված, իրապես կհասկանայի, բայց որ դատավո՛րն է այդ քայլին գնում, խոսում է նրա ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Դատավորը պետք է արդար ու անկողմնակալ լինի, եթե անգամ եղբորը բերեն, դնեն դեմը»,- կարծիք արտահայտեց սպանվածի որդին։

Նա, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում, որ 31 տարվա վաղեմության գործը կհանգուցալուծվի, եւ մեղավորը կպատժվի։ «Հիմա նոր դատավոր է նշանակվել, նիստերը պարտաճանաչ վարում է։ Ինքս իրավաբան եմ, հասկանում եմ, որ սա մի քիչ կոլապսային գործ է, որովհետեւ, վաղեմության ժամկետով պայմանավորված, որոշ նյութեր ոչնչացվել են։ Բայց նաեւ լավատես եմ, որովհետեւ առկա են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները, նոր երեւան եկած հանգամանքն ու վկաները, որոնք սկսել են ցուցմունք տալ»,- ասաց Էդուարդը։
Սպանվածի որդին նաեւ դրամական փոխհատուցման պահանջ է ներկայացնում։

Ասում է՝ իրենց ընտանիքն ահռելի վնաս է կրել՝ տասնյակ տարիներ զրկված լինելով միակ կերակրողից։ Հիմա ինքն ու եղբայրը մեծացել, աշխատում են։ «Բայց էն զրկանքները, որ մենք կրեցինք Հրանտ Գրիգորյանի պատճառով, պետք է փոխհատուցի․․.Կանխամտածված սպանությունը դարձրել էին անզգուշությամբ արձակած կրակոց։ Բա որ անզգուշություն էր եղել, ինչո՞ւ մի անգամ չեկան, ներողություն չխնդրեցին, օգնություն չառաջարկեցին։ Այլ հարց է՝ կընդունեի՞նք իրենց ներողությունն ու օգնությունը․․. Ընդհակառակը, մորս ստիպել էին, որ մանկահասակ երեխաների հետ հեռանա երկրից»,-վիրավորանքը չթաքցրեց Էդուարդը։

Խոսակցությունները, թե վերաբացված գործը «ջրելու» դիմաց  Հրանտ Գրիգորյանը կաշառել է իրեն, զայրացրեց Էդուարդին։ «Էդ խոսակցություններն ինքն է տարածել՝ օգտվելով իմ տեւական լռությունից։ Մի քանի տարի ձայն չեմ հանել, որովհետեւ անհարմար եմ զգացել պատերազմական կորուստների ֆոնին իմ խնդրի մասին բարձրաձայնել։ Նա էլ մտածել է՝ հոգնել եմ պայքարելուց, ու նման հերյուրանք է տարածել։ Հորս սպանողին բանտ ուղարկելը կյանքիս նպատակն է դարձել։ Հրանտ Գրիգորյանը չպետք է հանգիստ ապրի․ նրա երեխաներն ու թոռները պետք է իմանան, որ իրենց ծնողը մարդասպան է»։

Հիշեցնենք․ Մհեր Պողոսյանը սպանվել է 1994 թվականին՝ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում՝ հրազենային կրակոցից։ Մհեր Պողոսյանն Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրենն էր։

Արեգ Մարգարյան
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b74ac2c72d09fdd5c0e42682ef8c8f4c

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *