Շարժ տևական դադարից հետո. ի՞նչ է փոխանցել Բաքուն Երևանին

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները, իսկ մյուս ուղղություններով՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների վերահսկում, առաջարկները դեռ մնում են անպատասխան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը: Փաստորեն գրեթե երեք ամիս դադարից հետո արձանագրվում է ինչ-որ շարժ՝ փոխանցված առաջարկի տեսքով, թեև մեծ հարց է, թե բովանդակային առումով որքանով է արժեքավոր այն արձագանքը, որ Երևանը ստացել է Բաքվից, եթե առ այսօր արձագանք չկա սպառազինությունների վերահսկման և ճանապարհների ապաշրջափակման թեմայով:

Բանն այն է, որ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է, իսկ մյուսը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը արձագանքեց և հայտարարեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, բայց գործադիր իշխանության մակարդակով հայտարարություն չի հնչել թե՛ Բաքվից, թե՛ Երևանից:

Բաքուն չի «սրբագրել» իր խորհրդարանականի հայտարարությունը, ինչը առաջացնում է հարցեր, թե արդյո՞ք նրա շուրթերով Ադրեջանը առաջ է քաշել նոր պահանջ՝ կապված հենց ճանապարհների ապաշրջափակման հետ: Եվ քանի որ կա այս որոշակիորեն չպարզաբանված իրավիճակը, կառաջանա հարց, թե արդյո՞ք Երևանին փոխանցված պայմանագրի հերթական խմբագրմամբ տարբերակում Ադրբեջանը չի «ներբեռնել» այն, ինչի մասին բարձրաձայնել է այդ երկրի Մեջլիսի նախագահը:

Համենայն դեպս այն, որ արդեն ավելի քան երեք ամիս Բաքուն չի արձագանքել ճանապարհների վերաբերյալ Հայաստանի առաջարկներին, որ, ըստ Երևանի, ներկայացվել են հոկտեմբերին Կազանում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, առաջացնում է հարցեր: Համենայն դեպս, Բաքուն չի ասել այո, բայց նաև չի ասել ոչ:

Հետևաբար, կա հավանականություն, որ այդ թեմայի առնչությամբ Երևանին ներկայացվել են կամ ներկայացվելու են այսպես ասած «կոնտր առաջարկներ»: Ըստ այդմ՝ դրանք կարո՞ղ են ներառված լինել խաղաղության պայմանագրի փոխանցված փաթեթում՝ հաշվի առնելով օրեր առաջ Բաքվից արված և ըստ էության գործադիր իշխանության մակարդակում չհերքված հայտարարությունները:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *