«Ամեն դեպքում, սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ունեցավ, պայմանավորվածություն կա, որ նոր նիստ պետք է տեղի ունենա»,- լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ հակադրվելով կարծիքին, թե հայ-ադրբեջանական բանակցությունները հայտնվել են փակուղում։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԳ փոխնախարարն ասաց, թե երկար ժամանակ է, ինչ Հայաստանը սպասում է Ադրբեջանի ներկայացված առաջարկների արձագանքներին։
«Հույս ունենք՝ կարճ ժամանակում կստանանք, որպեսզի գործընթացը հնարավոր լինի շարունակել»,- ասաց նա։
Կոստանյանը պնդեց՝ Հայաստանը, ինչպես նախկինում, շարունակում է կառուցողական տրամադրված լինել ու ներգրավված լինել բանակցություններում։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզվով խոսել ու պահանջներ ներկայացնել՝ Կոստանյանը պատասխանեց, թե նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը։
«Հայաստանը չի տրվելու նման սադրանքների, շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինել բանակցություններում»,- հավելեց նա։ Հարցին՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում են՝ ո՞րն է լինելու ՀՀ գործողությունը՝ ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ Հայաստանը իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։
Նյութի աղբյուր