Արմենպեսին տբված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանի Հանրապետությունը իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սա ընդ որում, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, եւ ոչ:
Ոչ, որովհետեւ, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:
Այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ:
Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:
Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ:
Նյութի աղբյուր