Թրամփը «սրբազան պատերա՞զմ» է հայտարարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հայտարարել է, որ թույլ չի տա պաղեստինցիների վերադարձ Գազայի այն բնակավայրեր, որոնք նրանք լքել են Իսրայելի հարվածների հետևանքով: Թրամփը դարձյալ խոսել է այն մասին, որ ինքն ունի պաղեստինցիների վերաբնակեցման ծրագիր: Դրան զուգահեռ, Սաուդյան Արաբիան է հայտարարել, որ կտրուկ դեմ է այդ գաղափարին:

Դրան դեմ արտահայտվելու մասին է խոսել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Եգիպտոսը հայտարարել է, որ փետրվարի վերջին հրավիրելու է արաբական երկրների արտահերթ գագաթնաժողով, որպեսզի քննարկեն Գազայի շուրջ իրողությունները, ասել կուզի՝ Թրամփի «գաղափարները»: Նախօրեին հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները, որոնք քննարկել են Գազայի իրավիճակն ու կարևոր են համարել դրա վերաբերյալ իսլամական աշխարհի միասնական դիրքորոշում ձևավորելը: ԱՄՆ նախագահը դրանցով փաստորեն «սրբազան պատերազմ» է հայտարարում արաբական, իսլամական աշխարհին:

Իհարկե, առայժմ այդ պատերազմը դիվանագիտական է, բայց ո՞վ գիտե, թե դա ինչի կվերածվի, եթե Թրամփը շարունակի պնդել, իսկ արաբական, իսլամական աշխարհի երկրները որոշեն հաստատակամորեն հակազդել այդ պնդումներին ու թույլ չտան պաղեստինցիների տեղահանում Գազայից: Թրամփը ստուգում է մահմեդական աշխարհի քաղաքական կենսունակությու՞նը, թե որքան ամուր կլինի այդ աշխարհը, որքան դիմադրության ներուժ ունի: Ինչ-որ մեկը պետք է նահանջի, կարծես թե պարզ է: Համենայն դեպս, առնվազն հայտարարությունների մակարդակում երկու կողմն էլ գնում են կարծր ճանապարհով, յուրաքանչյուրը պնդում է իր մոտեցումը:

Իսկ դա նշանակում է, որ իրադրությունը կհասնի փակուղու, որից դուրս գալու համար կամ պետք է լինի որևէ մեկի նահանջը, կամ կլինի նոր պատերազմի վտանգ: Թեև, պետք չէ բացառել, որ իր մոտեցումով Թրամփը հրահրում է իսլամական աշխարհի այնպիսի դիմադրություն, որի հետ ստիպված է լինելու հաշվի նստել Իսրայելը: Այսինքն, Թրամփն ինքը Իսրայելին առաջարկում է այսպես ասած գերառավելապաշտ լուծում, մյուս կողմից այնպիսին, որ այդ լուծումը անիրագործելի է լինելու մահմեդական աշխարհի միասնական հակազդեցության պատճառով:

Այդ պարագայում, Իսրայելը ստիպված կլինի հաշվի նստել այդ իրողության հետ, հակառակ պարագայում հազիվ թե պատերազմ հայտարարի այդ իրավիճակին, իսկ ԱՄՆ էլ դառնա այդ պատերազմի դաշնակից: Այլ կերպ ասած, Թրամփը գուցե գտել է Իսրայելին անուղղակի սանձելու մեխանիզմ, որը իր համար շահեկան է նաև այսպես ասած ներամերիկյան դաշտում: Համենայն դեպս, Գազան այդ իմաստով կարող է դառնալ մերձավորարևելյան գետնի վրա գործընթացների «անկեղծության պահը» կամ «Գլոբալ հարավի» աշխարհաքաղաքական «ռուբիկոնը»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *