Սահմաններ, որ պետք է խախտի Հայաստանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Մանրամասներ հայտնի չեն, թե ինչ է ծրագրվում այցի ընթացքում, սակայն հաշվի առնելով այն, որ 44-օրյա պատերազմից հետո Հնդկաստանն, ըստ էության, դարձել է Հայաստանի թերևս հիմնական ռազմատեխնիկական գործընկերը, պետք է ենթադրել, որ Պապիկյանի այցի օրակարգում գերակշռելու են հենց դրա հետ կապված թեմաներ:

Այստեղ, անշուշտ, էական է հասկանալ, թե արդյո՞ք կան որոշակի խնդիրներ, որոնք առաջացրել են ՊՆ նախարարի այցի անհրաժեշտություն, դրանք այդ մակարդակով քննարկելու համար, թե՞ հակառակը՝ Երևանն ունի Հնդկաստանի հետ ռազմա-տեխնիկական հարաբերության ընդլայնման մտադրություններ ու ցանկություն, ինչն էլ կքննարկվի Պապիկյանի այցի ընթացքում:

Բոլոր դեպքերում, հայ-հնդկական գործակցությունն, անշուշտ, դարձել է Հայաստանի պաշտպանական համակարգի կազմակերպման կարեւորագույն ուղղություն, որը անհրաժեշտ դինամիկայի և ծավալի ռեժիմում պահելը Հայաստանի համար անվտանգության, նաև ռազմավարական նշանակության հարց է: Այդ տեսանկյունից էական է մեկ այլ հանգամանք, որ բավականին նվազ է հայ-հնդկական քաղաքական շփումների ինտենսիվությունը: Մինչդեռ, հայ-հնդկական օրակարգն, իհարկե, իր պոտենցիալով շատ ավելի լայն է, քան պարզապես ռազմատեխնիկական բաղադրիչը:

Հնդկաստանը միջազգային հարաբերություններում իր աճող դերով կարող է Հայաստանի համար լինել նշանակալի գործընկեր տնտեսա-քաղաքական խոշոր նախագծերի և գաղափարների իմաստով, հաշվի առնելով հատկապես նաև այն հանգամանքը, որ Հնդկաստանը նաև այսպես ասած Գլոբալ հարավի խոշոր ճարտարապետներից մեկն է: Իսկ Հայաստանի արտաքին քաղաքական արեալում այդ ուղղությունը, թերևս, բավականին թերագնահատված ուղղություն է, և արտաքին քաղաքականությունն իր կենտրոնացվածությամբ, ինչպես նաև ընդհանրապես հասարակական-քաղաքական դիսկուրսի շրջանակով պարփակված է Ռուսաստան-Արևմուտք բավականին հնացած կարծրատիպային սահմաններով:

Եթե պետական անվտանգության անմիջական մակարդակում Հայաստանն ունի իր պետական սահմանի անվտանգության և անխախտելիության ապահովման խնդիր, ապա պետական ռազմավարության համատեքստում Հայաստանի համար, թերևս, լայնորեն անհրաժեշտ է խախտել ձևավորված կարծրատիպային սահմանները և հռչակված՝ «բալանսավորման և բալանսավորվածության» արտաքին քաղաքական մոտեցումները տարածել նաև դեպի Գլոբալ հարավ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *