Երեկ՝ փետրվարի 6-ին, դաշնակցությանը պատկանող yerkir.am կյանքը լուր տարածեց, թե ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները):
Լրատվամիջոցը ներկայացրել էր նաև հարցազրույց նշյալ քաղաքացու հետ, որը դրանում պնդել էր, թե Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում իրեն ասել են, որ ստորագրությունը կարող է խնդիր առաջացնել:
Ընդդիմադիր շրջանակները սկսեցին ակտիվորեն տարածել դաշնակցության լրատվամիջոցի հրապարակումը՝ կրկին գործող իշխանությանը մեղադրելով արժեքների ուրացման և հին ու ծեծված այլ «հանցանքների» համար:
Սրան հաջորդեց Ներքին գործերի նախարարության հերքումը, որ տվյալ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը. հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում:
«Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին, ըստ քաղաքացու, մոտեցել է, սպասարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, այսինքն՝ նշված պատուհանին մոտենալիս քաղաքացին չէր էլ կարող սպասարկվել։
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները անմիջապես կապ են հաստատել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ»,- ասվում էր ՆԳՆ հերքման տեքստում:
Այս ամենից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կարկառուն ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում կատարեց, թե «պայմանավորվել են՝ վաղը՝ 10:00-ին (այսօր՝ փետրվարի 7-ին), գնալու են Նոր Նորքի անձնագրային բաժանմունք և տեսնեն՝ ո՞վ է Նիկոլի «արարատյան» զառանցանքն օրենք համարում»:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Գեղամ Մանուկյանի նշած ժամին գտնվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում, որտեղ այցելել են Գեղամ Մանուկյանը և նույն խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, վերջիններս մտել են շենք, զրուցել անձնագրային բաժնի պետի հետ, ապա դուրս եկել:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ են պարզել, պատգամավորները նշել են, որ պետն ասել է՝ նման քաղաքացու իրենք չեն ընդունել և սպասարկել: Պատգամավորները փորձել են կապ հաստատել տվյալ քաղաքացու հետ, սակայն վերջինս զանգերին չի պատասխանել:
«Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել Սարո Լալայանի հետ, զանգին պատասխանել է նա, ասել, որ «թարգը տվեք», ապա հեռախոսը վերցրել է նրա որդին՝ Սահակ Լալայանը, որը ասել է. «Էս մարդը ալկոհոլի ազդեցության տակ ինչ-որ մի հատ արտահայտություն ա արել, կամ չգիտեմ՝ ինչ ա արել, կարիք չկա ազգայնացնել, բարձրացնել, փակեք էդ թեման, պրծնի գնա»:
Լրագրողի ճշտող հարցին՝ պարզապես ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել, վերջինս արձագանքել է. «Այո, ալկոհոլի ազդեցության տակ է եղել, հերքեք էդ ամեն ինչը, ինչ որ ասել ա, պրծնի գնա»:
Նյութի աղբյուր